Աշխարհ՝ առանց կանոնների, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանված է Միացյալ Նահանգների և Իսրայելի հասցրած հարվածներից հետո:
Երկու ամիս առաջ էլ, ԱՄՆ-ն՝ ռազմական գործողության միջոցով, առևանգեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Այս զարգացումները փաստում են, որ միջազգային հարաբերությունները մտել են համակարգային քայքայման փուլ։ Ինքնիշխան պետությունների բարձրագույն ղեկավարների դեմ ուղղված գործողությունները, իրականացված առանց ՄԱԿ-ի մանդատի և միջազգային իրավունքի որևէ համընդհանուր ընթացակարգի, այլևս չեն ընկալվում որպես արտառոց բացառություններ։ Դրանք աստիճանաբար ձևավորվում են որպես քաղաքական գործիք՝ ուժի բաց և գռեհիկ կիրառման տրամաբանության շրջանակում։
Այս իրողությունը վկայում է, որ միջազգային իրավունքը և այն մարմինները, որոնք կոչված էին երաշխավորելու դրա պահպանումը, փաստացի դադարել են գործել որպես իրական զսպող մեխանիզմներ։ ՄԱԿ-ը, միջազգային դատարանները և բազմակողմ կառույցները հիմնականում սահմանափակվում են հայտարարություններով՝ չկարողանալով դրանք վերածել պարտադիր հետևանքների։ Իրավունքը պահպանվում է ձևական մակարդակում, մինչդեռ ուժի կիրառումը վերածվում է գործնական քաղաքականության։
Պետության ղեկավարի դեմ ուղղված գործողությունը որակապես այլ հարթության վրա է տեղափոխում հակամարտությունը։ Այստեղ այլևս խոսքը ինքնիշխան պետության իշխանության ֆիզիկական կամ քաղաքական չեզոքացման մասին է։
Երբ նման գործողություններին չի հաջորդում համարժեք միջազգային արձագանք, դա համարժեք է տեղի ունեցածի լեգիտիմացման։
Այս պայմաններում ձևավորվել է դառը, բայց ակնհայտ իրականություն․ միջազգային հարաբերություններում միակ գործնական զսպիչ գործոնը դարձել է միջուկային զենքի առկայությունը։ Միջուկային կարողություն ունեցող պետությունները ստանում են փաստացի անձեռնմխելիության որոշակի աստիճան՝ անկախ իրենց քաղաքական վարքագծից։ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը դա հստակ ցույց տվեց․ որքան էլ կոշտ լիներ հռետորաբանությունը, Վաշինգտոնը խուսափում է ուղիղ ռազմական բախումից Հյուսիսային Կորեաի հետ՝ գիտակցելով միջուկային էսկալացիայի հետևանքները։ Նույն տրամաբանությամբ Միացյալ Նահանգները ստիպված է բանակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ որպես ռազմավարական հավասար գործընկերների, քանի որ այդ երկրները միջուկային գերտերություններ են։
Այսպիսով, ձևավորվում է աշխարհակարգ, որտեղ պետությունները փաստացի բաժանվում են երկու խմբի՝ միջուկային վահան ունեցողներ և միջուկային վահան չունեցողներ։ Վերջինների ինքնիշխանությունը դառնում է հարաբերական, իսկ անվտանգությունը՝ պայմանական։
Այս դեգրադացիան առավել վտանգավոր է փոքր և միջին պետությունների համար։ Այն երկրները, որոնց անվտանգությունը կառուցված էր իրավական մեխանիզմների, միջնորդությունների և բազմակողմ համակարգի վրա, հայտնվում են խոցելի դիրքում։ Երբ կանոնները չեն գործում, ուժի հարաբերակցությունն է որոշում պետության անվտանգությունը, իսկ սուվերենությունը կախված է արտաքին խաղացողների քաղաքական հաշվարկներից։
Երբ միակ իրական «կարմիր գիծը» միջուկային զենքն է, աշխարհում հաստատվում է վտանգավոր ստատուս-քվո, որտեղ խաղաղությունը պահվում է ոչ թե կանոններով, այլ փոխադարձ վախով։
Միաժամանակ, այս իրավիճակը կարող է խթան հանդիսանալ միջուկային սպառազինության տարածմանը։ Եթե միակ «կարմիր գիծը» միջուկային զենքն է, ապա շատ պետություններ կարող են եզրակացնել, որ պետք է ձգտեն դրան (օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան կամ Եգիպտոսը կարող են արագացնել ծրագրերը)։ Սա կհանգեցնի նոր էսկալացիայի և անկայունության»,-գրել է նա։