Այսօր տեղի ունեցողը բացահայտ քաղաքական հաշվեհարդար է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Իշխանությունները փաստացի ապացուցում են, որ չունեն կարմիր գծեր։
Գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, այլևս հնարավոր չէ մեկնաբանել իրավական կամ ինստիտուցիոնալ տրամաբանության շրջանակներում։ Այսօր տեղի ունեցողը բացահայտ քաղաքական հաշվեհարդար է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Իշխանությունները փաստացի ապացուցում են, որ չունեն կարմիր գծեր։ Նրանց համար այլևս գոյություն չունեն սահմանադրական սահմանափակումներ, բարոյական արգելքներ, ինստիտուցիոնալ հարգանք կամ պետական պատասխանատվություն։
Իրավական համակարգը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Դատախազությունն այլևս չի գործում որպես օրենքի պահպանման մարմին, այլ որպես իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող մեխանիզմ։ Երբ մեկ օր առաջ երկրի ղեկավարը հրապարակային հայտարարում է, իսկ հաջորդ օրը իրավական համակարգն անմիջապես գործի է դրվում, նշանակում է այլևս գործ ունենք ոչ թե պետության, այլ վարչական ճնշման ավտորիտար մոդելի հետ։
Եվ պատահական չէ, որ հարվածը հասցվում է հենց Եկեղեցուն։
Որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։
Եկեղեցին մեր ինքնությունն է։
Մեր պատմական հիշողությունն է։
Մեր պետականության հիմքն է։
Մեր քաղաքակրթական ողնաշարն է։
Եկեղեցուն հարվածելը հակապետական և հակազգային արարք է։ Եկեղեցուն հարվածելը հարված է հայ ժողովրդի ինքնության հիմքերին։ Տեղի, ունեցողն արդեն ոչ թե քաղաքական հակամարտություն է, այլ քաղաքակրթական բախում՝ իշխանության և ազգային ինքնության միջև։
Եվ ցավոք, այս իշխանությանը հենց դա է բնորոշ՝ հակապետականություն,
հակազգայնություն, հակաինստիտուցիոնալ մտածողություն, ազգային արժեքների համակարգային քայքայում։
Երբ պետությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, նշանակում է՝ պետությունը պատերազմ է հայտարարում սեփական պատմությանը, սեփական արմատներին և ինքնությանը։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության դեգրադացիա։
Ես՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ, սպասում եմ Վեհափառ Հայրապետի դիրքորոշմանն ու կարգադրությանը։ Եվ այն, ինչ նա կհայտարարի, ինչ ճանապարհ ցույց կտա, ինչ կոչ կանի՝ անվերապահորեն պատրաստ եմ կատարել։
Որովհետև այստեղ արդեն հարցը քաղաքական չէ։
Սա հավատքի, ինքնության, պետության և ազգի գոյաբանական հարց է։
Եվ այս պայքարում չեզոքություն չկա»։