«Մինչև չանցնենք տեխնոկրատ կառավարման համակարգի, ներքին օղակներում չձևավորվի պրոֆեսիոնալ, ինստիտուցիոնալ համակարգ, իրավապահ մարմինները չեն կարող արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ»,-AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած աշխատաժողովին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Այս թափառախումբը իշխանության է եկել հինգ տարի ժամկետով՝ առանց բավարար մասնագիտական կարողությունների, հմտությունների, կենսագրության և փորձառության։ Նրանցից շատերը երբևէ վարձատրություն չեն ունեցել և պարտքով գարեջուր խմողներ են եկել։ Այդ մարդիկ այսօր դարձել են որոշակի եկամտի սեփականատերեր։ Ի՞նչ պետք է անի այսպիսի մարդը․ նա գիտի, որ հինգ տարի հետո իշխանազրկվելու է և դրանից հետո չի կարողանալու իրեն իրացնել աշխատաշուկայում, հետևաբար, նա ստիպված է հինգ տարվա ընթացքում ապահովել իր կյանքի մնացած տարիների ապրուստը։ Սա նշանակում է, որ աշխատավարձով չի կարող բավարարվել, և սկսում է չարաշահել պաշտոնական դիրքն ու անընդհատ իրականացնում է եկամուտների կուտակում։ Դրա համար էլ բյուջեն, ծախսային հատվածը ծառայում է իշխանությունների բարօրությանը, եկամտային հատվածը՝ նույնպես իշխանությունների բարօրությանը»,-ասել է Սարգսյանը։
Նա ընդգծել է՝ կենսաթոշակը կարելի է դարձնել 150 000 դրամ, բայց իշխանությունը դա չի անում, քանի որ իրեն ձեռնտու չէ.
«Ինչո՞ւ են պետական ծախսերը և պարտքերը հիմնականում ուղղվում այն ոլորտներ, որտեղ «ատկատները» ավելի հեշտ են, ավելի մեծ են և հեշտ չափելի։ Օրինակ՝ շինարարության ոլորտը։ Եթե փորձենք գնահատել միայն իշխանության ասֆալտապատման ծրագիրը (խոսքը մոտավորապես 200 միլիոն դոլարի մասին է), ապա կուտակվել է շուրջ 8 միլիարդ դոլարի պարտք։ Հարցնում ես՝ ի՞նչ ես արել այդ գումարով, ասում է՝ զենք եմ գնել, ասում ես՝ զենք չես գնել, պաշտպանության բյուջեն նվազեցրել ես, ասում է՝ լավ, զենք չեմ գնել, ասֆալտ եմ արել։ Ասում ես՝ ասֆալտը 200 միլիո՞ն է արժեցել , ասում է՝ դպրոց եմ կառուցել։ Ասում ես՝ դպրոցը 300 է հայտարարվել, 70-ն է կառուցվել, միանգամից փոխում է խոսքը՝ ասում է իհարկե, աղքատը պիտի աղքատ լինի, ի՞նչ անեմ, ես եմ մեղավո՞ր, որ ինքը աղքատ է... «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումը ևս ակնհայտ կոռուպցիոն բնույթ ունի, որովհետև հանգեցնում է գնաճի․ ցանկացած գնորդ վճարում է 1.5 տոկոսով ավելի՝ յուրաքանչյուր ապրանքի համար, քան վճարում էր մինչև 2022 թվականը։ Միևնույն ժամանակ աճել են բանկերի, վարկային և վճարահաշվարկային կազմակերպությունների շահույթները։ Հարցն այն է՝ ո՞րն է այս ամենը իրականացնելու շահագրգռվածությունը, եթե ոչ կոռուպցիոն շահերը»։