Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցում արտահայտման ազատության բաժնում նշվում է լրագրողների նկատմամբ ճնշումների ու հետապնդումների մասին, վկայակոչվում է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու փաստը։ Շեշտվում է, որ նրանց կալանավորել են՝ իշխանությանը կոշտ քննադատելու համար։
«Ապրիլ-մայիս ամիսների բողոքի ակցիաները ուղեկցվել են լրագրողների նկատմամբ ճնշումների և հետապնդումների, ներառյալ՝ վիրավորանքների և սպառնալիքների մասին հաղորդումներով։ Հայաստանի «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» տվյալներով՝ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում վիրավորվել է 14 լրագրող և մեդիաաշխատող՝ ինչպես թիրախային հարձակումների, այնպես էլ ամբոխի հրմշտոցի հետևանքով։ Որոշ լրագրողների հրել և գցել են գետնին, մյուսները հայտնել են ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի և վնասվածքների մասին:
Մարտի 22-ին իշխանությունները ձերբակալել են փոդքասթի հաղորդավարներ և ընդդիմադիր գործիչներ Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին խուլիգանության մեղադրանքով և երկու ամսով կալանքի տակ վերցրել։ Նրանց մեղադրել են «AntiFake» լրատվամիջոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության այլ գործիչների հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու համար։
Դատավարությունը սկսվել է սեպտեմբերի 23-ին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում ակտիվիստներին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում»,- նշված է զեկույցում: