ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ։ Հանդիպման մասնակիցները նրան բազմաթիվ հարցեր են ուղղել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի, այդ պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի պրոբլեմներից մեկը նաև այն է, որ բանակը 1-2 շաբաթ պետք է զսպի առաջին հարվածը, բայց հետո ամբողջ պետությունն իր բոլոր մեխանիզմներով պետք է դառնա պատերազմի մաս։ Ինչն, ըստ էության, չկայացավ»,- այս համատեքստում ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա Արցախյան 44-օրյա պատերազմից մի դրվագ է պատմել նաև՝ նշելով հետևյալը․
«Պատերազմը սկսելուց հետո 3-րդ օրը ես Ղարաբաղում էի։ Երկու շաբաթ եղել եմ Ղարաբաղում և ասեմ՝ իմ գնալուց հետո, ուղղակի երկրորդ-երրորդ օրը ես դիմում էի և՛ Բակո Սահակյանի, և՛ Արկադի Ղուկասյանին՝ հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ։
Իմ հիմնական մեսիջը հետևյալն էր՝ անել ամեն ինչ՝ պատերազմը կանգնեցնելու համար, պատերազմի ամեն օրը բերելու է ավելի մեծ պրոբլեմների, որովհետև պատրաստ չենք։ Այս ձևով, փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալու։ Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի»։ Բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյանը։ Եվ Ղարաբաղում ունեցանք այն, ինչ ունեցանք»։