00:00:00

Ո՞վ, ում «պաստավկա» արեց. հետընտրական «բազարը» հանգուցալուծվեց

18:03, 04 ապրիլ 2025 Քաղաքականություն

Գյումրու արտահերթ ընտրությունների հետընտրական ինտրիգը կարծես հանգուցալուծվեց։ «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ որոշակիություն մտցրեց հետընտրական լռությունում։ Թե արդյո՞ք Վարդան Ղուկասյանը կրկին դառնալու էր երկրորդ քաղաքի քաղաքապետ, մեծապես կախված էր Մարտուն Գրիգորյանից։ Ու մինչ հանրությունը շրջահայաց որոշում էր ակնկալում Գրիգորյանից, նա գործեց ընդդիմադիր Մխիթարյան Ռուբենի ու Սիմոնյան Կարենի «գծի» ներքո։ Միաժամանակ շեշտենք, որ շրջահայաց որոշում ասելով բնավ նկատի չունենք այն, որ ՔՊ–ն պետք է քաղաքապետ ունենար Գյումրիում։ Քաղաքական զարգացումներից քիչ թե շատ հասկացող յուրաքանչյուր ոք գիտեր, որ Գյումրու ընտրությունների հանգուցալուծման առնվազն 4-5 սցենար կար, որում Սարիկ Մինասյանի հնարավոր քաղաքապետ դառնալը բացառվում էր։ Բայց զարմանալիորեն անցողիկ շեմը հաղթահարած երեք ընդիմադիրները որոշեցին ամենավատ լուծումը։ Ընդ որում առնվազն զարմանալի ու տարակուսելի է Ռուբեն Մխիթարյանի դիրքոշումը, ով ընտրության հաջորդ օրը «գերազանցիկ» ուսանողի նման «բուդելնիկ» դրած ելավ ու հայտարարեց իր որոշման մասին։ Արդյո՞ք Մխիթարյանն իսկզբանե հենց այս նպատակով էր մասնակցում ընտրություններին։ Սա տեսակետ է, որը ևս գոյություն ունենալու իրավունք ունի։ Կարեն Սիմոնյանի պարագայում որոշումը ինչ–որ տեղ «նորմալ» էր։ Նա քոչարյանական գծի մեջ է, այնպես, ինչպես՝ Վարդան Ղուկասյանը։ Ու սա հանրությունից թաքցնելը հնարավոր չէ, հաշվի առնելով օրինակ այն հանգամանքը, որ քոչարյանական ԶԼՄ–ները ամենօրյա ռեժիմով լուսաբանում էին հատկապես Սիմոնյան– Ղուկասյան թեկնածուներին։

Հիմա վերադառնանք Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Նա ևս տողատակով մեղադրել է Ռուբեն Մխիթարյանին, հապճեպ որոշում կայացնելու և հետըտրական այլ քննարկումների ճանապարհը փակելու մեջ։ «Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասականալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։

 Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյուքնում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։

Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ»,– գրել էր Գրիգորյանը։ Այլ կերպ ասած ևս Ռուբեն Մխիթարյանը և Կարեն Սիմոնյանը իրենց ընտրողներին պատասխան ունեն տալու։ Նրանց միացավ նաև Մարտուն Գրիգորյանը։ 

Ով, ում «պաստակվա» արեց։ Այս հարցի պատասխանը իրենք իրար մեջ պետք է գտնեն, բայց ակնհայտ է, որ բոլորով՝ գյումրեցիներին։ Հնարավոր է արդյո՞ք քաղաքն այդչափ չսիրել։ 

Եվ վերջում մեկ անգամ ևս ընդգծում ենք, «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում չի հաղթել ու քաղաքապետ չպետք է ունենար։ 

 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30