Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը համաձայն չէ այն դիտարկմանը, որ ՀՀ կառավարությունն իր վերջին հայեցակարգով հրաժարվել է Արարատ լեռից ու Արևմտյան Հայաստանի պահանջատիրությունից․
«Արարատից հրաժարման որևէ պնդում չի եղել, խոսք է եղել Արագածը ևս սիրելու մասին»։
Ըստ Սինանյանի, եթե սփյուռքի մեր հայրենակիցներն Արարատը տեսնում են պատից կախված նկարով, ինքն այդ լեռը տեսնում է ամեն առավոտ։
«Դա ամեն օր մեր աչքի առաջ է, և դա զգացմունքների մի ամբողջ բուք է առաջացնում մեր հոգում, սրտում, այնուամենայնիվ, շարունակում ենք ապրել այստեղ այն իրականությունում, որը կա։ Արագած լեռը սիրելն էլ վատ գաղափար չէ։ Շատ լավ գաղափար է, պատմական լեռ է, որը, բարեբախտաբար, գտնվում է ՀՀ տարածքում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ցեղասպանության հարցը պետական օրակարգից հանելու որոշման մասով սփյուռքի տեսակետին՝ նշեց, որ սփյուռքը հիմնականում ձևավորվել է Հայոց ցեղասպանությունից հետո և իրենց համար ազգային սիմվոլիզմը շատ կարևոր է նաև ցեղասպանության ճանաչման առումով։
Ըստ Սինանյանի՝ իր շփման ընթացքում փորձում է հայրենակիցների հետ ընդհանուր հայտարարի գալ այն փաստի շուրջ, որ ցեղասպանությունն անհերքելի փաստ է, որևէ մեկը չի հերքել և չի կարող հերքել այն․
«Ցեղասպանության ճանաչումն էլ կարևոր է, բայց այն պետք է լինի թիրախային, այսինքն՝ ունենալով սահմանափակ կարողություններ ու լծակներ արտերկրում, ցեղասպանության ճանաչման գործընթացի արդյուքնում ի՞նչ արդյունք ենք ուզում ստանալ։ Եթե դա զուտ մեր բարոյական հաղթանակն է, մենք արդեն տարել ենք այդ բարոյական հաղթանակը և արևմտյան աշխարհը, մեծ իմաստով, արդեն ճանաչել է ցեղասպանությունը։ Հարց է ծագում՝ և՞, հետո՞... Այդ հարցը միշտ է եղել»։
Սփյուռքի հարցերով հանձնակատարը նկատեց, որ մյուս կողմից նաև հարց է բարձրացվում հողերի վերադարձի մասին։
«Բայց այստեղ էլ հարց է ծագում։ Անկեղծ պետք է ասել, որ 25-26 տարի Արցախ ունեինք, որը հայ ժողովրդի վերահսկողության տակ էր։ Արի ու տես՝ որևէ մեկը սփյուռքից չեկավ ու չբնակվեց այնտեղ՝ որպես հայկական ազատագրված տարածքներ։
Հիմա խոսենք այդ հողերի մասին՝ ի՞նչ նպատակով է, քանի՞ հոգի է իմ նման իրենց կյանքի մեծ մասը դրսում ապրելուց հետո եկել ու ապրել ՀՀ-ում, կամ՝ գնան և ապրեն այդ հողերում։
Մեր ասելիքն է՝ եկեք սահմանենք իրատեսական նպատակներ, որով բարելավելու ենք մեր ազգի ճակատագիրը։ Նման նպատակ կարող է լինել ՀՀ-ի անվտանգությունը, այն զանգվածի, որը շարունակում է ապրել իր պատմական հայրենիք մի մասի վրա»։