ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցն է քննարկվում: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ով անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին:
Մասնավորապես ի պատասխան Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին քննադատությունների նա նշեց, հարկային քաղաքականությունը դա բիզնեսի համար լավ պայմաններ ստեղծելու համար է և պարզ է, որ որոշ ժամանակ դա կարող է վատթարացնող նորմ լինել, որոշ ժամանակ՝ բարելավող:
Նրա խոսքով՝ երկարաժամկետ առումով նշանակում է հավասար պայմանների ստեղծում և որտեղ անհրաժեշտ է աջակցություն, այդ աջակցությունը տրամադրվում է արդեն ըստ բյուջե եկած եկամուտների:
«Երբ դուք շատ ժամանակ նման քաղաքականությունների դեմ բողոքում եք, ես հասկանում եմ, որ մեխանզիմներ կան, որոնք ուզում եք շարունակեն աշխատել: Երբ երկու խանութ կա իրար կողք, մեկը ՀԴՄ տպում է, մյուսը՝ ոչ, դա նշանակում է, որ այդտեղ կա անարդարություն:
Պա՞րզ է, չէ, որ ով տպում է 20 տոկոս պակաս եկամուտ է ունենալու և մի 2 տարի հետո փակվելու է, ի՞նչ է անելու, սկսելու է ինքն էլ չտպի: Դրա համար պետք է հավասար պայմաններ ստեղծենք, որ շրջանառության քչացման համար չգնան նման խախտումների տնտեսվարողները»,- ասել է նա:
Ապա նա անդրադարձավ Արթուր Խաչատրյանի ելույթին, ով նշել էր՝ դեմ են քվեարկելու թունելի շինարարության համար վարկ վերցնելու նախագծին:
«Նա ասում է՝ մենք դեմ ենք քվեարկել թունելի շինարարության համար ձեր վերցրած վարկին և ասում ենք՝ համահայկական ծրագիր իրականացրեք, ասեք, որ ուզում եք թունել սարքել և հավաքեք 200 մլն դրամ: Այստեղ նստած բոլորս 90-ականներով անցել ենք և գիտենք՝ հումանիտար ճգնաժամի համար մեր բարեկամները փողով օգնել են, մեր Ամերիկայի բարեկամները երեք ամիսը մեկ 50 դոլար ուղարկեցին և դա բավականին մեծ օգնություն էր, շնորհակալ ենք դրա համար, բայց հումանիտար ճգնաժամը մի բան է, տնտեսական զարգացումը՝ այլ:
Երբ ես աշխատում էի ու գնացի այդ բարեկամի տուն գնացի նվերներով, գինով, երբ ինձ օգնություն առաջարկեցին, ասացի՝ դրա կարիքը չունեմ, աշխատում եմ, ինչ արել եք երախտապարտ եմ: Բայց գնալ մարդկանց ասել՝ փող տվեք թունել սարքենք, դա նշանակում է պետություն գոյություն չունի այդտեղ, դա հումանիտար ճգնաժամի հաղթահարում չէ, դա ներդրումային ծրագիր է»,- ասել է նա:
Արշակյանն այնուհետև իր ընտանիքը համեմատեց պետության հետ: «Այսօր իմ ընտանիքը լիքը պարտքեր ունի: Ինչի՞ եմ ես այդ պարտքերը վերցնում, վերցնում եմ զարգացման մեջ եմ դնում, երեխաներիս կրթության մեջ եմ դնում, ենթակառուցվածքների զարգացման, որ կարողանան լավ դասագրքեր կարդան, տուն ունենան գլխների վերևը, բայց ես դա անում եմ գիտակցաբար, ներդրում եմ անում: Ես ինչի՞ եմ իմ ընտանիքի օրինակը բերում, զուգահեռ եմ տանում պետության հետ:
Ինչի՞ համար ենք այդ պարտքը վերցնում, վերցնում ենք, որ դառնանք խաղաղության խաչմերուկ, ուզում ենք հյուսիս-հարավը կառուցենք, ուզում ենք ճանապարհները բացվեն, ուզում ենք ապրանք շրջանառվի, ուզում ենք կողքի պետություններն էլ դրանից օգուտ քաղեն, մենք առավել ևս օգուտ քաղենք, աշխարհում չլինենք փակ տեղ: Դրա համար ենք վերցնում, չի կարելի գնալ դրա համար հումանիտար օգնություն խնդրել»,- ասել է նա:
Արշակյանը նշել է, որ համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքում ընդամենը 15 մլն դոլար էր հավաքվել, ինչո՞ւ ավելի շատ չի հավաքվել: