00:00:00

«Ինձ համար կարևոր չէ՝ ով կլինի, կարևորը՝ հայ լինի»․ հայասպանությունը՝ հերոսություն Ադրբեջանում

19:16, 07 նոյեմբեր 2024 Լեռնային Ղարաբաղ

«Գեղարդ» հիմնադրամ․ 

Հայատյացությունն Ադրբեջանում պետական մակարդակով առաջ մղվող քաղաքականություն է: Այդ համատեքստում հայերի հանդեպ հետևողականորեն ատելություն է գեներացվում, խրախուսվում է հայասպանությունը. տարբեր հանգամանքներում հայերին սպանած անձանցից կերտում են հերոսի կերպար, արժանացնում ամենաբարձր պարգևների՝ ընդհուպ մինչև ազգային հերոսի կոչման: Նման անձանցից են Ռամիլ Սաֆարովը, Մուբարիզ Իբրահիմովը, Չինգիզ Գուրբանովը և այլք:

2004 թվականի փետրվարին Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Մարգարյանը և Սաֆարովը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում մասնակցում էին անգլերենի դասընթացների:

Նույն սենյակում հայ սպայի հետ բնակվել է նաև հունգարացի Քութի Բալաշը, որը պատմել էր. «Չորս բոլորն արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր. կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի․ վազեցի դուրս՝ օգնություն կանչելու։ Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»:

Սաֆարովը գնացել էր սպանելու նաև դասընթացներին մասնակցող մյուս հային՝ Հայկ Մուկուչյանին, սակայն ձախողվել էր, քանի որ նրա սենյակի դուռը կողպված էր եղել: Մուկուչյանը հետագայում իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Սաֆարովն իր սկզբնական ցուցմունքներում հայտարարել է. «Ինձ համար կարևոր չէ՝ ով կլինի, կարևորը՝ հայ լինի, ես ուզում եմ հայ սպանել»:

Բուդապեշտի ոստիկանության մայոր Վալտեր Ֆուլոփը Սաֆարովի արարքը որակել էր «արտասովոր դաժանությամբ» սպանություն: «Մենք դա անվանում ենք «արտասովոր դաժանություն», որովհետև բացի կրծքի շրջանում դանակի հարվածների բազմաթիվ հետքերից՝ զոհի գլուխը փաստորեն հատված էր մարմնից»,- հայտարարել էր Ֆուլոփը:

Սաֆարովին Հունգարիայում դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ 30 տարի՝ առանց ներման իրավունքի: 2012 թվականին, սակայն, Հունգարիան արտահանձնում է Սաֆարովին, ինչպես հետագայում պարզվում է՝ 7 մլն դոլարի դիմաց: Ադրբեջան վերադառնալու նույն օրը նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհում Ռամիլ Սաֆարովին, որին արդեն հերոսացրել էին հայրենիքում: Ադրբեջան վերադարձով մարդասպանի հերոսացման գոծընթացը նոր թափ է առնում: Սաֆարովին են փոխանցում 8 տարվա աշխատավարձը, բարձրացնում կոչումը, հատկացնում բնակարան: Նրա կոչումը շարունակում են բարձրացնել նաև ծառայության հետագա տարիներին: Այդ ընթացքում «առաջընթաց» է արձանագրել նաև Սաֆարովի կինը, որն այժմ Բաքվի պետական համալսարանի ռեկտորի խորհրդականն է: 2024 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններում նա փորձել է նաև պատգամավոր ընտրվել:

Ադրբեջանական հասարակության շրջանում անցկացված հարցումները հստակ ցույց են տալիս, որ քնած հային կացնահարած Սաֆարովը նրանց համար հերոս է: «Բնականաբար Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանի հպարտությունն է», «հայրենասեր հերոս է», «հերոս է․ կեցցեն նրա նման հերոսները»․ հենց այս բնորոշումներն են օգտագործում ադրբեջանցիները մարդասպան Սաֆարովի մասին խոսելիս: Ադրբեջանական սոցցանցերը ևս լի են Սաֆարովին հերոսացնող հրապարակումներով:

Եթե Սաֆարովի դեպքում Ադրբեջանի իշխանությունները, իրենց միջազգային հեղինակությանը չվնասելու մտահոգությունից ելնելով, նրան պաշտոնապես չեն շնորհել ազգային հերոսի կոչում, ապա իրավիճակն այլ է մեկ այլ մարդասպանի՝ Մուբարիզ Իբրահիմովի դեպքում:

Ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը 2010 թվականի հունիսի 18-ին Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում՝ Չայլու գյուղի մոտ, ընդհարման մեջ է մտել Պաշտպանության բանակի զինծառայողների հետ, որի հետևանքով զոհվել էր ՊԲ 4 զինծառայող, ևս 4-ը վիրավորվել էր: Իբրահիմովը վնասազերծվել էր: Նրա դիակն ամիսներ շարունակ մնացել էր հայկական կողմում:

Իբրահիմովի դիակը վերադարձնելու համար դիվերսիոն խմբեր են ուղարկվել Արցախ, սակայն անհաջողության են մատնվել: Խմբերից մեկը ղեկավարել է ավագ լեյտենանտ Ֆարիդ Ահմեդովը, որը ևս վնասազերծվել է: Նրա դիակը ևս մնացել էր հայկական կողմում: Սաֆարովի ու Ահմեդովի դիակներն Ադրբեջանին են հանձնվել միաժամանակ՝ նոյեմբերին: Երկուսին էլ Ադրբեջանում թաղել են մեծ շուքով ու շոուներով:

Մինչև դիակների վերադարձնելը՝ հուլիսի 22-ին Ադրբեջանի նախագահն Իբրահիմովին հետմահու շնորհել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում: Ահմեդովին պարգևատրել են «արիության մեդալով»:

Մուբարիզ Իբրահիմովի մահից հետո նրա անվան շուրջ Ադրբեջանում կառուցել են իրենց ռազմական առասպելաբանությունը՝ խրախուսելով կրկնել նրա արարքը: Իբրահիմովի կերպարն այնքան է ուռճացվել, որ մինչև օրս տարածում են տեղեկություններ, թե իբր նա 5 ժամ միայնակ կռիվ է մղել և մի քանի տասնյակ հայ զինվորի է սպանել ու դիրքում բարձրացրել Ադրբեջանի դրոշը: Նրա «պատվին» կանգնեցվել են արձաններ, գրվել են վեպեր, պոեմներ: Իբրահիմովի անունով անվանակոչել են փողոցներ, մանկապարտեզներ, ուսումնական, մարզական հաստատություններ, նաև՝ զինտեխնիկա: Մուբարիզ Իբարհիմովին հռչակել են նաև 2010 թվականի տարվա մարդ: Այդ գործընթացը տեղ է գտել նաև Թուրքիայում, որտեղ նրա անունով տանկեր են անվանակոչել, նրան հաղորդումներ նվիրել, հիշատակել սերիալներից մեկում, իսկ 2022 թվականին Ադրբեջանի Սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ Թուրքիայում Մուբարիզ Իբրահիմովի մասին անիմացիոն ֆիլմ են պատրաստել: Մինչ օրս Մուբարիզ Իբրահիմովի՝ որպես «օրինակելի հայրենասերի» կերպարի կերտման գործընթացը շարունակվում է:

Մուբարիզ Իբրահիմովի դեպքում կիրառած գործելաոճն ադրբեջանական իշխանությունները կրկնել են նաև հետագայում: 2016 թվականի դեկտեմբերի վերջին Տավուշի մարզի Չինարի գյուղ է ներթափանցել զինծառայող Չինգիզ Գուրբանովը: Հայկական կողմի հետ ընդհարման ժամանակ վերջինս սպանվել է, հայկական կողմն ունեցել է 3 զոհ: Գուրբանովի դիակն Ադրբեջանին է հանձնվել 2017 թվականի հունվարին: Ալիևն ազգային հերոսի կոչում է շնորհել նաև Գուրբանովին: Հերոսացման գործընթացը կիրառվել է այս դեպքում ևս:

2023 թվականին Նախիջևանից Հայաստան ներթափանցեցին ադրբեջանցի երկու զինծառայողներ։ Նրանցից Հուսեյն Ախունդովը, որն սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին, Սյունքից տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշել էր․ «Հայերի արյուն ենք թափել։ 400-500 հայի գլուխ ենք կտրել։ Հիմա էլ դեռ ողջ ենք։ Չենք մահացել։ Եթե մեռնենք էլ, թող գնահատվենք»։ Զինծառայողի այս խոսքերն Ադրբեջանում հերոսացման հստակ ցուցիչ են, և ավանդույթի համաձայն՝ Ադրբեջանին հանձնելուց հետո այս զինծառայողներին ևս դիմավորել են որպես հերոսների։ 

Նույն սցենարը կրկնվեց 44-օրյա պատերազմի ռազմական հանցագործ, հայ քաղաքացիական անձանց նկատմամբ առանձնակի դաժանությամբ աչքի ընկած Քամիլ Զեյնալըի դեպքում: 2024 թվականի փետրվարին Զեյնալըին ձերբակալել էին Մոսկվայում: Ադրբեջանի իշխանությունների միջնորդությամբ նրան ազատ են արձակել ու վերադարձրել Բաքու: Վերջինիս ևս դիմավորել են որպես հերոսի՝ հերթական անգամ ապացուցելով, որ Ադրբեջանում հայերի հանդեպ նման հանցագործությունները ոչ միայն չեն դատապարտվում, այլ, ընդհակառակը, խրախուսվում են։

Հայասպանությունը խրախուսելն ու որպես հերոսություն ներկայացնելը արձանագրված է նաև ադրբեջանական մամուլում, որտեղ մեծ ոգևորությամբ են գրում ռազմական այն հանցագործների մասին, որոնք հայի գլուխ են կտրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր