Monument Watch-ի՝ ՀՀ սահմանային հուշարձանների դիտարկումը․
Սբ․ Հռիփսիմե եկեղեցին թաղածածկ, եռանավ բազիլիկ է։ Խորանի երկու կողմերում ունի ավանդատներ (նկ․ 3): Կառույցն ունի երկու մուտք` հարավից և արևմուտքից: Եկեղեցին կառուցված է տեղական ճեղքված քարով և կրաշաղախով, իսկ մույթերը, պատուհանների և մուտքերի եզրաշարերը՝ սրբատաշ բազալտով: Կառուցել է Մելիք Հայկազ Բ-ն՝ 1610-1615 վականներին։ Եկեղեցու հարավային մուտքի բարավորի վրա պահպանվել է կառուցման թվականը՝ «Թ[վին] :ՌԿԴ: (1615)» (Խուրշուդեան 2023, 216)։
1701 թ. եկեղեցուն արևմտյան կողմից կցվել է սրբատաշ բազալտով թաղածածկ, արևմտյան կողմից բաց գավիթ։ Արևմտյան կողմի կամարակապ բացվածքը հետագայում փակվել է կոպտատաշ քարով։ Գավթի հարավային պատին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ «Թվին/ :ՌՃԾ: (1701)/: Կամաւն ԱՅ ես՝ պ[ա]ր[ո]ն Աղաճան բէկս,/ շինեցի զգաւիթս ի վ[ե]ր[այ] գերեզմանի/ եղբօրն իմոյ պ[ա]ր[ո]ն Պհաթոր բէկին» (Խուրշուդեան 2023, 216)։ Ըստ շինարարական մյուս արձանագրության գավիթը վերանորոգվել է 1897 թ. Ղահրաման Յարութիւնեանի կողմից՝ «Այս գաւիթս նորո/գեց Ղահրաման Յա/րութի[ւ]նիան/ 1897»։
Կառույցի պատերի մեջ և շրջակայքում առկա են մեծ թվով տապանաքարեր, խաչքարեր և բեկորներ, որոնց մի մասը հավաքվել է եկեղեցու հարավային պատի տակ։
Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Խնածախի գերեզմանատունը հայտնվել է սահմանից 690 մ հեռավորության վրա։