00:00:00

Facebook Messenger-ում հաղորդագրություններն ու զանգերն ավտոմատ կերպով անցնելու են ծայրից ծայր գաղտնագրման. CyberHUB

11:46, 21 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Meta-ն հայտարարել է, որ Facebook Messenger-ում հաղորդագրություններն ու զանգերը մեկ զրուցակցի դեպքում ավտոմատ կերպով անցնելու են ծայրից-ծայր գաղտնագրման (End to End կամ E2E) համակարգի՝ մասնավոր զրույցների և զանգերի դեպքում. տեղեկացնում է CyberHUB -ը։

Նախկինում Messenger-ում գործում էր HTTPS գաղտնագրումը, ինչը նշանակում է, որ գաղտնագրվում էր յուրաքանչյուր օգտատիրոջից մինչև Facebook-ի սերվերներ կապուղին, այլ կերպ ասած՝ Facebook-ը կարող էր կարդալ ձեր բոլոր հաղորդագրությունները, լսել ձեր բոլոր զրույցները և որոշ դեպքերում էլ, պետության պահանջով տրամադրել այդ տվյալները իրավապահ մարմիններին։ Մինչդեռ նոր համակարգով, գաղտնագրումը լինելու է ուղղակիորեն զրուցակիցների միջև և նույնիսկ Facebook–ը՝ հանդիսանալով միջնորդ, զրույցի բովանդակությունը չի կարողանալու տեսնել։

Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ ծայրից ծայր գաղտնագրումը գործում է միայն երկու զրուցակիցների միջև, մինչդեռ երեք և ավելի հոգու դեպքում՝ այսինքն խմբակային չատերի դեպքում, առայժմ շարունակում է կիրառվել նախկին՝ HTTPS գաղտնագրումը, թեև առաջիկայում Meta-ն խոստանում է ակտիվացնել ծայրից ծայր գաղտնագրումը նաև խմբակային չատերի, ինչպես նաև Ինստագրամի օգտատերերի համար։

Դետալները կարևոր են

Messenger-ում կիրառվող ծածկագրման հիմքում Signal-ում օգտագործվող տեխնոլոգիայի փոքր-ինչ փոփոխված տարբերակն է։ Այն արդեն իսկ կիրառվում է WhatsApp-ի պարագայում։ Երբ խոսք է գնում ապահով մեսինջերների (սուրհանդակների) մասին, դետալները կարևոր են, և այստեղ է, որ հաճախ ի հայտ է գալիս ավանդական հարցը՝ ինչպե՞ս է տվյալ հարթակը հավասարակաշռում հարմարավետությունը և գաղտնիության ապահովումը, որը լրացուցիչ գործողություններ, ընթացակարգ է պահանջում օգտատիրոջից։

Կրկնօրինակները (backup) կարևոր են այն օգտատերերի համար, ովքեր ցանկանում են մուտք գործել իրենց օգտահաշիվ ցանկացած սարքից և ստանալ սեփական հաղորդագրությունների պատմությունը: Կախված կրկնօրինակումների իրականացման եղանակից՝ կարող է վտանգ առաջանալ հաղորդագրությունների գաղտնագրման համար՝ դրանք կարող են «կոտրվել»։ Օրինակ, «WhatsApp»-ը միայն վերջին տարիներին է առաջարկում ծայրից ծայր գաղտնագրված կրկնօրինակումների տարբերակ։ Messenger-ի համար նույնպես Meta-ն առաջարկում է ամբողջովին գաղտնագրված կրկնօրինակումների համակարգ՝ «Լաբիրինթոս» (Labyrinth) անվամբ։

Գաղտնագրված կրկնօրինակները նշանակում են, որ ձեր՝ պահեստավորած հաղորդագրությունները կգաղտնագրվեն Facebook-ի սերվերներում և ընթեռնելի, հասանելի չեն լինի առանց ձեր բանալիի: Եթե ​​նշված է, որ հավելվածը ապահովում է գաղտնագրված հաղորդակցություն, կարող եք ջնջել ձեր բոլոր հաղորդագրությունները և հանձնել հեռախոսը մեկ ուրիշին, ու նա պարզապես չի կարողանա վերականգնել դրանք:

Եթե ​​նախընտրում եք օգտագործել գաղտնագրված կրկնօրինակների համակարգը, կարող եք սահմանել վեցանիշ PIN-կոդ՝ ձեր անձնական բանալին, առանց որի հնարավոր չի լինի մուտք ունենալ դեպի այդ կրկնօրինակները։

Իսկ մետատվյալնե՞րը․․․

Messenger-ի պարագայում դեռևս մտահոգություններ կան նաև մետատվյալների առնչությամբ: Կիրառվող տեխնոլոգիան թույլ է տալիս Meta-ին տեղեկություն ստանալ բազմաթիվ չգաղտնագրված մետատվյալների վերաբերյալ, օրինակ՝ ո՞վ և ո՞ւմ է ուղարկում հաղորդագրությունները, ե՞րբ են ուղարկվել, տվյալներ ձեր, ձեր օգտահաշվի, ձեր կոնտակտների մասին: Այս առումով ոչինչ չի փոխվել լռելյայն գաղտնագրման ներդրմամբ:

Ուստի, խորհուրդն է՝ եթե մեսինջերների միջոցով գաղտնի, ապահով հաղորդակցվելը ձեզ համար կարևոր է, ուշադիր լինել՝ հավելվածն ընտրելիս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր