Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, տարեսկզբի համեմատ պարտքն աճել է 714 մլն դոլարով կամ 6.7%-ով: Ներքին պետական պարտքն ավելի արագ է աճում, քան արտաքին պարտքը։Հայաստանի արտաքին պետական պարտքը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 663 մլն դոլար, որը այս տարվա յոթ ամիսների ընթացքում աճել է 218 մլն դոլարով կամ 3.4%-ով։ Արտաքին պարտքի հիմնական մասը միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերն են։
ՀՀ նախկին իշխանություններին պետության արտաքին պարտքը կոռուպցիայի և թալանի միջոցով ավելացնելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին խոստացել էր դառնալ ՀՀ վարչապետ և ոչ միայն նվազեցնել ՀՀ արտաքին պարտքը: 2016 թվականի սեպտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մեզ համար հաջորդ կարևորագույն խնդիրը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, որ, ինչպես հայտնի է՝ հատել է 5 միլիարդ դոլարի սահմանագիծը, և 2020 թվականին արտաքին պետական պարտքի սպասարկման համար Հայաստանը պետք է ծախսի 1 միլիարդ դոլար: Այսինքն՝ 1 միլիարդ դոլար պետք է ետ վճարի՝ նախկինում վերցրած պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն: 2021 թվականին սակայն Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում իր թիմակից պատգամավորի հարցին պատասխանելիս, արդեն հերքեց ավելի քան երկու տարի հնչեցրած իսկ խոսքը՝ հայտարարելով. «Պարտքից եկեք չվախենանք, երկրներ կան, իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»: Փաստացի Փաշինյանի անվախությունը այս հարցում այն աստիճանի է հասել, որ միակ աննախադեպ ցուցանիշը Նոր Հայաստանում՝ պարտքի ավելացումն է:
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, եթե պետական բյուջեն ռեկորդային մուտքեր է ապահովում, եթե հարկերը գնալով ավելանում են ինչպես մեզ փորձում են համոզել, ապա ինչու՞ է դրսում փող մուրալու կարիք առաջացել: Ստացվում է, բյուջեն իրականում դատարկ է, իսկ այդ բյուջեի բացերը փակելու համար Նիկոլ Փաշինյանը ստիպված է վարկեր ներգրավել, ավելացնելով հաջորդ սերունդների վարկային բեռը, որպեսզի այսօր ի վիճակի լինի կատարել իր ամենապրիմիտիվ պարտավորվածությունները՝ թոշակ, նպաստ և աշխատավարձ վճարել: Որևէ տիեզերական մասշտաբների մեգա-նախագիծ այս իշխանությունների կատարմամբ այդպես էլ չտեսանք, հետևաբար չենք զարմանա, եթե արդյունքում պարզվի, որ վերցրած վարկերը ծախսվել են գցած ասֆալտը 40-րդ անգամ քանդելու և կարկատելու, կամ դիցուք՝ Սնուփ- Դոգի համերգը կազմակերպելու վրա:
Ցանկացած զարգացած կամ զարգացող երկրի համար պետական պարտքի առկայությունը բնական երևույթ է. խնդիրը այդ պարտքի մեծության և դրա արդյունավետ կառավարման մեջ է: Ակնհայտ է, որ թե առաջին, թե երկրորդ բաղադրիչի առումով այս իշխանությունները լիովին տապալվել են ՝ նոր վարկերով փակում են հին վարկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերով հիմնականում ճանապարհներ են կառուցվում, ձախողում են պետական բյուջեով նախատեսված կապիտալ շինարարական ծրագրերի զգալի մասը և այլն:
Irakanum.am