Այսօր Արարատ մարզի Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշեն վարչական շրջանում հանրային քննարկում էր գյուղի հարակից տարածքում կառուցվելիք ցեմենտի գործարանի վերաբերյալ։ Հանրային քննարկան մասին հայտարարություն կա Մասիս համայնքի կայքում, համաձայն, որի «Օրդ գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է Մարմաշենում կառուցել և շահագործել ցեմենտի գործարան։
Նախ այն մասին, որ տվյալ ՍՊԸ-ի մասին շատ տեղեկություններ չկան, հայտնի չէ, թե հատկապես ինչ գործունեությամբ է զբաղվում հիշյալ ընկերությունը և ինչ հեռահար նպատակներ ունի։
Գյուղացիների, ինչպես նաև խնդրով հետաքրքրվողների կողմից բարձրացված թիվ մեկ խնդիրը գործարանի՝ շրջակա միջավայրի վրա թողած հնարավոր հետևանքներն էին։ Այսօրվա նախնական լսումների ժամանակ գյուղաբնակների, ինչպես նաև որոշ ձկնաբուծարանների ղեկավարների կողմից բարձրացվել են հարցեր, որոնք խիստ մտահոգիչ են, ոչ միայն բնապահպանական, այլև՝ առողջապահական։ Կա մեկ կարևոր հանգամանք ևս նախատեսվող գործարանի տարածքը հաշվառված է որպես վարելահող, անմիջական հարևանությամբ գտնվում են քաղաքացիների կողմից սեփականաշնորհված և վարձակալված գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողակտորները։
Այս և այլ մտահոգությունների տեղյակ են նաև Մասիսի համայնքապետարանում։ Համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս կառուցման մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի, որ դեռ բազմաթիվ քննարկումներ կան։ «Բավական լայն քննարկում է տեղի ունեցել, բնակիչների, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների միջև, ըստ այդմ համայնքը դեռևս չի տվել իր առաջին եզրակացությունը»,- ասաց Հակոբյանը։ Հարցին, թե ինչպիսին է նախնական դիրքորոշումը, համայնքի ղեկավարի տեղակալը նշեց․ «Նախնական որեւէ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, քանի որ կարծիք գրելուց առաջ արձանագրություններն ու ձայնագրություններն են ուսումնասիրվելու, որովհետև քննարկումը թեժ է եղել, բնակիչների, տնտեսվարող սուբյեկտների մի հատված կարծում են, որ փոշի կարող է լինել»։ Այլ բացասական կարծիքներ ևս հնչել են, որոնք ըստ Հակոբյանի պարտադիր կուսումնասիրվեն, քանի, որ իրենց համար առաջնայինը բնակիչների առողջությունն ու մտահոգություններն են։ «Եզրակացությունը, որը համայնքը տրամադրելու է վերաբերելի է գործունեության հաջորդ փուլ անցնելուն, չի վերաբերում նրան, որ այդտեղ ցեմենտի գործարան է կառուցվելու»,- ասաց Հակոբյանը։ Վերջինս ասաց, որ ձկնաբուծարանների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին մտահոգություն ունեն, որ ցեմենտի գործարանից արտանետվող փոշին լրջագույն վնաս կարող է հասցնել։
Պարտադիր կուսումնասիրվեն, թե կառուցվելիք հնարավոր տարածքում փոշու և այլ վնասակար նյութերի հետևանքները ինչպիսին են լինելու։ Եզրափակելով Նորայր Հակոբյանը նշեց, որ այսօրվա առաջին քննարկումը դեռ որեւէ բան չի նշանակում, և դժվար է ասել, ի վերջո Մարմարաշենում կկառուցվի ցեմենտի գործարան, թե ոչ։
Ներկայացնում ենք նաև հանրային քննարկումից մեկ հատված տեսանյութ։