Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Այս արձանագրումը առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ, որտեղ հստակ արձանագրվել է՝ Լաչինի միջանցքի փակումը ԼՂ ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքների։ Այս իմաստով կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման, միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է, այս մասին ԱԳ նախարարությանը տվել եմ համապատասխան հանձարարականներ», - ասաց վարչապետը։
Փաշինյանը հիշեցրեց, որ շարունակվում են աշխատաները դեպի Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։
«Միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք անհրաժեշտություն է դառնում ցույց տալու, որ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի և ՀՀ-ից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չեն իրականացվում։ Պրահյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ Հայաստանը ԼՂ-ում բանակ ունի և ես պնդում էի, որ չունի, նա պնդում էր որ ունի։ Ես առաջարկեցի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ, նա հրաժարվեց։ ԼՂ-ում կա ՊԲ բանակ ու այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների ու ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունը արդարացված է։ Բայց ԼՂ ժողովրդի ցեղասպանության կանխարգելման մեխանիզմ է նաև ՌԴ զորախումբը: ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունն ու ստանձնլ է ԼՂ ժողովրդի ու քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների ու քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի, և սա թույլ չտալու համար ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս ընդգծեց, որ ինքը որևէ կանխավարկած չունի ԼՂ-ում ՌԴ զորախմբի գործունեության վերաբերյալ։
«Պարզապես Խծաբերդի ու Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատողների սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու փորձերն անհանգստացնում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։