Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջից Irakanum.am-ին փոխանցեցին, որ կրճատումներ են եղել: Մասնավորապես, կրճատվել են օպերատորի, մեթոդիստի, վարորդի, մեխանիզատորի հաստիքները: Լաբորանտի, գրադարանավարի, պրակտիկայի վարիչի, կարիերայի ուղղորդման պատասխանատուի, ուսումնական մասի քարտուղարի, պահեստապետի, էլեկտրամոնտյորի հաստիքները 1-ից իջեցվել են 0,5-ի, իսկ հավաքարարների հաստիքները՝ 2-ից 0.5-ի:
Կրճատվել են նաև դասախոսների հաստիքները` 25-ից 20-ի: Նման կրճատումներով ինչպես կգոյատևի Շիրակի մարզի համար կարևոր նշանակություն ունեցող ուսումնական հաստատությունը, հայտնի չէ: 1922թ. Ալեքպոլի առևտրական ուսումնարանի հենքի վրա ստեղծված ինդուստրիալ տեխնիկումն ուներ երեք բաժին՝ գյուղատնտեսական, էլեկտրատեխնիկական և շինարարական: 1924թ. ինդուստրիալ տեխնիկումի գյուղատնտեսական բաժնի վրա հիմնադրվում է Լենինականի դաշտավարական տեխնիկումը, որը 1970թ. վերանվանվել է Հացիկի սովխոզ-տեխնիկում, 1989թ.` Հացիկի խորհրդային տնտեսության տեխնիկում, 1992թ.` Հացիկի պետական տնտեսության տեխնիկում, 1996թ.` Ախուրյանի պետական գյուղատնտեսական տեխնիկում, 2000թ.` Շիրակի ակ. Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ: 2012թ. այն, որպես մասնաճյուղ, ընդգրկվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կազմում: Irakanum.am