Հասարակության մեջ բաժանարար գծեր մտցնելը հիմնական գործիքն է, որով Նիկոլ Փաշինյանը կարողանում է պահպանել իր իշխանությունը, լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Հասարակությանը բաժանել են «սևերի», «սպիտակների», հակառակորդների, յուրայինների, ռուսամետների, արևմտամետների և այլ այսպիսի բաժանումներ, որոնցով կարողանում են կառավարել ժողովրդին և պահպանել իրենց իշխանությունը»,- ասաց Վանեցյանը՝ հավելելով՝ Նիկոլ Փաշինյանը գործում է բնազդով։
«Նիկոլ Փաշինյանը գործում է պահի ազդեցության տակ, գործում է բնազդով՝ պահպանել իր իշխանությունը։ Վերջ, ուրիշ որևէ նպատակ այս իշխանությունը չունի»,- նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Արթուր Վանեցյանը Հայաստանում ու Արցախում ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ամենակարևոր քայլը մատնանշեց՝ միասնություն։
«Բոլոր ուժերը, բոլոր քաղաքացիները պետք է կարողանան միավորվել այս գաղափարի շուրջ, որ կարողանանք դուրս գալ ստեղծված ծանր վիճակից»,- ասաց նա։