«Հարցարցույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում եթերում հայհոյանքներ չեն հնչել: Հարցազրույցները չեն խմբագրվում, այնուամենայնիվ վիրավորական խոսքերը Հանրայինի եթերում խլացվում են»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասացին Հանրային ՀԸ հանրային կապերի բաժնից, ի պատասխան մեր այն հարցի, թե ինչո՞ւ է հեռուստաընկերությունը եթեր հեռարձակել հայհոյանքներով տեսանյութ։
Մեր մյուս երկու հարցերին ՀԸ-ից չեն պատասխանել։ Մենք հարցրել էինք, թե պատրաստվում է արդյո՞ք հեռուստաընկերությունը ներողություն խնդրել քաղաքացիներից, որոնց հարկերի հաշվին է եթեր հեռարձակվում նման բովանդակության տեսանյութ եթեր հեռարձակելու համար։ Բացի այդ հարցրել էինք, թե նախկինում եղել է նման դեպք, երբ հյուրը պետական ՀԸ եթերից հայհոյում է ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Այս հարցերին չեն պատասխանել։
Նշենք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե ինքը 44-օրյա պատերազմում մասնակցություն չի ունեցել։
Սասուն Միքայելյանը Շարմազանովին հայհոյել է Հանրային հեռուստաընկերության եթերում և նրան մեղադրել բանակի մասին պատկերացում չունենալու համար՝ հավելելով, որ ինքը պատերազմի ժամանակ եղել է Ջրականում (Ջաբրայիլ)։ Հեռուստաընկերությունը տեսանյութի խմբագրման ժամանակ ծածկել է հայհոյանքը։
Սասուն Միքայելյանը վիրավորել էր նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Ինչպես Շարմազանովն, այնպես էլ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իրենց էջերում պատասխանել են Սասուն Միքայելյանին։
Հավելենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որեւէ ծպտուն չի հանել։ Ի տարբերություն ընդդիմադիր հեռուստաընկերությունների, որոնց եթերները մանրամասն ուսումնասիրվում ու իբրև թե խախտումներ հայտնաբերվում ու տուգանվում, ՀՌԱՀ-ը այս խայտառակությունը չտեսնելու է տալիս։
Irakanum.am