2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ:
Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ պաշտոնական հարցմանը Ժոզեպ Բորելի պատասխանում:
«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների», - նշված է փաստաթղթում:
Ժոզեպ Բորելը հիշեցնում է, որ Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում Հայաստանում երկու ամսով տեղակայվել էր ԵՄ առաքելություն, որն իր գործունեությունն ավարտել էր 2022 թ. դեկտեմբերի 19-ին:
Անդրադարձ է կատարվում նաև ԵՄ նոր դիտորդական առաքելության տեղակայմանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։