Իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը կարծիք է հայտնել, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանը պետք է դաշինք կնքի Իրանի հետ։
«Գիտե՞ք՝ ինչից է ամենաշատն անհանգստանում Բաքվի բարբարոսական վարչախումբը․ Հայաստանի անզուգաչափ և անսպասելի գործողություններից և քայլերից։
Բաքվի և Էրդողանական վարչախմբերի միջև ձևավորված «թուրանական դաշինքին» դիմակայելու համար Հայաստանի տեսլականը և ծրագիրը նաև պետք է անպայմանորեն ներառի Թուրքիային համազոր կամ դրան գերազանցող որևէ տարածաշրջանային գերտերության հետ անվերապահ դաշինքի ստեղծում։
Նման հեռագնա և երկարաժամկետ դաշինք այժմ հնարավոր է կազմել Իրանի հետ, որը պետք է և կարող է հիմնավորված լինել նաև հստակ գաղափարական բաղադրիչներով։
Քանի որ Հայաստանը և Իրանն են այս տարածաշրջանի քաղաքակրթական հինավուրց կենտրոնները, ապա բարբարոսական, հակամարդկային և ծավալապաշտական բնույթ կրող «թուրանական դաշինքին» պետք է հակադրել հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը՝ «երկու ազգ, մեկ քաղաքակրթություն», «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն», «երկու կրոն, մեկ քաղաքակրթություն», «երկու լեզու, մեկ քաղաքակրթություն» բազմակողմ գաղափարական կանխադրույթներով»,- գրել է Վարդան Ոսկանյանը։