00:00:00

Հայտարարում են՝ ԳՇ պետի թեկնածու չկա, որտեղի՞ց լինի, բոլորին մորթել եք. Տիգրան Աբրահամյան

22:28, 08 հունիս 2022 Քաղաքականություն

44-օրյա պատերազմին զինծառայողը ծանր վիրավորում է ստանում, պետությունը պետական միջոցներով վերականգնման որոշակի փուլ հասցնում է, բայց 6 ամիս կամ 1 տարի հետո, պարզվում է, որ այս կամ այն պատճառով այլեւս մեր հայրենիքի պաշտպանը պետական ֆինանսավորում չի ունենում։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանը երեկ, այսօր եւ վաղը» թեմայով քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այն մարդիկ, ովքեր մեր երկրի համար արյուն են տվել, կյանք են տվել, նրանց այդ խորհրդանշական գրքույկը բոլորիս համար պետք է լինի մեծագույն արժեք։ Սա շատ վատ ազդակ է հասարակությանը՝ հնարավոր բոլոր մարտական գործողությունների ժամանակ այն մարդկանց, որոնք գնալու են մարտերի։ Ովքեր մասնակցել են մարտական գործողություններին, պետությունը պարտավոր է մարտի դաշտում վիրավորված ցանկացած զինվորի կողքին լինել»,-ասաց նա։

Աբրահամյանի խոսքով՝ անվտանգության մասին խոսելիս պետք է հասկանալ, որ Հայաստանն ու Արցախը միեւնույն անվտանգային համակարգում են. «Շատ կարեւոր է, թե մենք Արցախի հարցը ինչ ռելսերի վրա ենք գնում, որովհետեւ դրա ազդեցությունից է կախված, թե մենք ինչպիսի անվտանգային միջավայր ենք ունենալու։ Անկախ սահմանագծման, սահմանազատման գործընթացներից սահմանային անվտանգության ապահովման բաղադրիչը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի։ Ժամանակն անցնում է, բայց միջոցները չեն փոխվում։ Տեխնոլոգիական ներկա հնարավորությունները նույնիսկ Հայաստանի այսօրվա սահմանափակ ռեսուրսների պայմաններում մեզ հնարավորություն է տալիս արդիականացման ծրագրերի միջոցով մարդկային գործոնը խրամատում էականորեն կրճատել»։

Տիգրան Աբրահամյանն ասաց՝ 44-օրյա պատերազմից հետո ունենք անհետ կորած երկու զինծառայող, որոնք բարձրացել են մարտական հերթապահության եւ անհետ կորել են, այդ զինծառայողների ընտանիքները սոցիալապես անապահով վիճակում են. «Ժամկետային զինծառայողը, որը Վարդենիսի զորամասում էր ծառայում, արդեն մեկ տարուց ավելի է՝ չկա, երկրորդը՝ պայմանագրային զինծառայող է՝ Վայքի զորամասի պահպանության տեղամասում էր, վեց ամիս է՝ զինծառայողը չկա։ Որեւէ մեկը դրա պատասխանը չի ունենում, այսինքն՝ մարդիկ գնում են մարտական հերթապահություն իրականացնելու, կորում են եւ ի՞նչ է ստանում այդ ընտանիքը՝ բացառապես սոցիալական խնդիրներ»։

Անդրադառնալով Զինված ուժերի կադրերին՝ պատգամավորն ասաց. «2018 թվականից հետո այս իշխանությունը ստեղծել է իրավիճակ, որի արդյունքում մեծ թվով սպաներ ուղղակի լքել են բանակը. մի մասը ուղղակի ճնշումների հետեւանքով է լքել։ Այսօր հայտարարում են՝ ԳՇ պետի թեկնածու չկա, որտեղի՞ց լինի, բոլորին մորթել եք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր