Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանն «իր վեց կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում տրվի», որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։
«Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ 2 փաթեթը՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև գտնենք ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ լուծում։ Առաջնային է Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերի լուծում գտնել, ըստ դրա՝ պետք է ձևավորվի ԼՂ ստատուսը»,- նշել է Արմեն Գրիգորյանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Արմեն Գրիգորյանի վերոնշյալ հայտարարությանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Արմեն Գրիգորյանի վերոնշյալ հայտարարությանը:
«Դե, որ սրանք հայտարարել են, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերն իրենց համար ընդունելի են, միջազգային հանրությունը բռնել է սրանց և ասել, որ եթե ընդունելի են, ուրեմն՝ դրանց շուրջ էլ բանակցելու եք: Այսօր անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածն ասել է, որ ի պատասխան Ադրբեջանի 5 կետերի՝ իրենք ներկայացրել են 6 կետ, ուռա՜, հայկական դիվանագիտության խոշոր հաղթանակ՝ Ադրբեջանը 5 կետ է ներկայացրել, սրանք՝ 6, կարող էին 148 ներկայացնել: Ավելին, ասում է՝ քննարկումները պետք է լինեն 5+6 կետերի հիման վրա. Որտե՞ղ է ձեզ խաբում ինքը: Այդ ի՞նչ 6 կետ է, ժողովուրդ: Պարզվում է, որ սրանք մի 6 կետ էլ Ադրբեջանին առաջարկ են արել, որոնց մասին մենք ընդհանրապես տեղյակ չենք, ո՛չ մասնագիտական, ո՛չ քաղաքացիական, ո՛չ քաղաքական շրջանակները տեղյակ չեն, թե ինչ 6 կետ է ներկայացվել Հայաստանի անունից Ադրբեջանի հետ բանակցությունների համար, ո՞ր մեկդ է խաբար»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա՝ Արմեն Գրիգորյանի երկրորդ սուտն այն է, որ Ադրբեջանը չի մերժել Հայաստանի ներկայացրած 6 կետերը. «Ադրբեջանը խոսում է միայն իր ներկայացրած 5 կետերի մասին, որտե՞ղ Ադրբեջանը չի մերժել, մի հատ թուղթ կամ ձեր սիրած լեզվով ասած՝ բարաթ ցույց տվեք, տեսնեմ՝ որտե՞ղ է Ադրբեջանը գրել, որ ընդունել է ձեր 6 կետը: Նախ՝ ցույց տվեք, թե ի՞նչ է այդ 6 կետը, հետո ցույց տվեք՝ Ադրբեջանը ինչ թուղթ է ձեզ տվել ի պատասխան: Եթե այդ 6 կետն ընդունվել է՝ որպես լրացուցիչ օրակարգ, բա ինչո՞ւ միջազգային հանրությունը դրա մասին չի խոսում: Օրինակ՝ Լավրովի և Զախարովայի տարբեր հայտարարություններում ինչո՞ւ է հղում արվում ադրբեջանական առաջարկների վրա: Փաստորեն, մադրիդյան 3 սկզբունքները և 6 տարրերը դուք փոխարինում եք ինչ-որ անհասկանալի 5+6 բանաձևով»: