Արթուր Ղազինյանը գրում է․
«Պատերազմը վատ բան է, աղետ է, արհավիրք:
Պատերազմներ եղել են միշտ, կան հիմա և հաստատապես կլինեն նաև ապագայում՝ անկախ խաղաղ ապրելու երազանքներով տարված մարդկանց քանակից:
Պատերազմն է հաստատում խաղաղություն, սահմանում հաղթողին և պարտվողին, ձևավորում հակամարտող ուժերի միջև հավասարակշռություն, և վերջապես, սահմանում այն պայմաններն ու կանոնները, որոնց հիմքի վրա պետք է հաստատվի երկար սպասված խաղաղությունը:
Հաղթում են այն ազգերն ու պետությունները, որոնք հասկանում են այս պարզ իրողությունը և ձգտելով իրական խաղաղության մտնում են պատերազմի մեջ՝ իրենց պատմական հայրենիքում անվտանգ և բարեկեցիկ ապրելու իրավունքը ամրագրելու համար:
Իսկ պարտվում և կոտորվում են այն ազգերն ու պետությունները, որոնք հավատում են, որ իրենց կոտորելու ու ոչնչացնելու եկող թշնամու հետ կարելի է խաղաղություն քննարկել, առևտուր անելու և լավ ապրելու մասին երազել:
Համընդհանուր պատերազմական վիճակում, երբ խախտվել է ուժերի հավասարակշռությունը իսկ աշխարհի մեծերը գնում են առճակատման, խաղաղության մասին խոսելը սխալ է, անթույլատրելի, հանցավորության աստիճանի վտանգավոր:
3000 տարի գործել և ներկայումս շարունակում է գործել «ցանկանում ես խաղաղություն՝ ամեն օր պատրաստվիր պատերազմի» երկաթյա կանոնը, և հաղթում ու ապրելու իրավունք են ստանում այն պետությունները, որոնք հետևում են այս կանոնին, չեն դավաճանում ազգային շահերին, չեն դառնում գործիք օտար ուժերի ձեռքին և հանուն իշխանության պահպանման չեն խաբում սեփական ժողովրդին:
Մեզ պետք է ուժեղ բանակ, ամուր պետականություն, ազգային արժանապատվություն և երկաթյա կամք՝ մեր պայմաններով խաղաղություն հաստատելու և մեր պատմական Հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրելու համար:
Կեղծ խաղաղասիրությունը հանգեցնում է պետության ու պետականության կորստի, ցեղասպանության, գաղթի:
Մուրալով խաղաղություն չեն ստանում, տարածքներ հանձնելով թշնամու ախորժակը չեն բավարարում:
Կյանքը պայքար է, պայքարը՝ կյանք: Ուզում ե՞ս ապրել, պետք է պատրաստ լինես կռվի ու պայքարի»: