«Բարեկամություն» պետական համույթի նախկին մենապարուհի, բալետմայստեր և մանկավարժ Լուսինե Սարգսյանի համար դասական բալետը դարձել է կյանքի առաջին մեծ դպրոցը։ Այն նրան սովորեցրել է ոչ միայն շարժվել, այլև մտածել՝ հասկանալ, որ յուրաքանչյուր քայլ պետք է ունենա իր իմաստն ու ներքին տրամաբանությունը։ Հենց այս հիմքի վրա ձևավորվել է նրա հետագա ստեղծագործական ճանապարհը։ Պարուհին նշում է, որ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումն իր կյանքում բեկումնային էր, հատկապես՝ ավարտական քննության օրը, երբ ստացավ «Բարեկամություն» պետական համույթում հանդես գալու համար առաջարկը։ Սկզբնական փուլում դասական և ազգային պարարվեստների համադրումը հեշտ չէր։

Դրանք տարբեր աշխարհներ էին՝ իրենց լեզվով, մտածողությամբ ու արտահայտչաձևով։ Սակայն ժամանակի ընթացքում, փորձի և սիրո շնորհիվ, ազգային պարը դարձավ բնական ու հարազատ։ Դասականի և ժողովրդականի միաձուլման պահին պարուհին զգում է ներքին հավասարակշռություն․ «Մեկը տալիս է ձև, մյուսը՝ հոգի»,-նշում է պարուհին: Այդ համադրությունն է, որ ձևավորում է նրա արվեստի ինքնատիպ ձեռագիրը։ Պարուհու ստեղծագործական ուղին հարուստ է մենապարերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն պատմությունն ու բեմական ճակատագիրը։

Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Նորայր Մեհրաբյանի «Սիրեցի Յարս տարան» բեմադրությունը, որի խորքում արտահայտված է հայկական հոգի ու ազգային կերպարի ամբողջական ուժը։ Այս գործը դարձել է ոչ միայն բեմական կարևոր ձեռքբերում, այլև զգայական ու գաղափարական ինքնարտահայտման հզոր հարթակ։ Կարևոր է ընդգծել նաև, որ Լուսինե Սարգսյանը եղել է «Հերոսական բալադ»-ի առաջին մենապարուհին, ինչը նրա մասնագիտական կայացման ճանապարհին դարձել է շրջադարձային և խորհրդանշական հանգրվան։ Այդ դերակատարումը ոչ միայն բացահայտել է նրա արտիստական ներուժը, այլև ամրապնդել նրա տեղը հայկական պարարվեստում։


Ժամանակի ընթացքում ստեղծագործական գործունեությանը զուգահեռ կարևոր տեղ զբաղեցրեց նաև մանկավարժությունը։ Երեխաների հետ աշխատելիս Լուսինե Սարգսյանը հասկացավ, թե ինչ մեծ երջանկություն է փոխանցել այն, ինչ ինքդ ես ստացել։ Նրա համոզմամբ՝ պետք է սովորեցնել ոչ միայն շարժում, այլև մտածողություն, պատասխանատվություն և սեր դեպի պարը։ «Երեխան հենց ուսուցչի միջոցով է ճանաչում արվեստը, և այդ պատասխանատվությունը պահանջում է զգուշություն ու հոգատարություն»,-նշում է նա:

Ստեղծագործական առաջին լուրջ փորձը որպես բեմադրող եղավ Պարույր Սևակի «Մարդն ափի մեջ» ստեղծագործությունը, որը 2019-ին յուրահատուկ պարային լուծումներով բեմադրել է «Բարեկամություն» համույթի հետ։ Այն ծնվել էր ներքին ապրումներից ու մտորումներից և դարձել էր կարևոր քայլ՝ ինքն իրեն տեսնելու ոչ միայն որպես պարող, այլև որպես բեմադրող։ Այդ աշխատանքում փորձ է արվել ստեղծել ոչ միայն շարժումների կառուցվածք, այլ ամբողջական պատկեր, տրամադրություն և պատմություն։ «Դառնում եմ» բեմադրությունը ևս երկար մտածված աշխատանքի արդյունք է։ Նպատակն էր ստեղծել մի ստեղծագործություն, որը կհամապատասխանի «Բարեկամություն» համույթի ոճին և, միաժամանակ, կունենա անձնական ձեռագիր։ Այստեղ շարժումը ծնվում է ներքին զգացողությունից և զարգանում է գաղափարի մաքրության ու հոգեվիճակի շուրջ։ Կարևոր է, որ հանդիսատեսն ոչ միայն տեսնի, այլև զգա բեմադրությունը։
Այսօր Լուսինե Սարգսյանն իրեն տեսնում է որպես արվեստագետ, ով շարունակում է սովորել, ստեղծել և փոխանցել իր փորձը։ Համոզված է, որ հայկական պարարվեստը մեծ հնարավորություններ ունի, եթե կարողանա պահպանել իր արմատները և, միաժամանակ, զարգանալ։ Երիտասարդներին խորհուրդ է տալիս չշտապել, շատ աշխատել, շատ սովորել և սիրել այն, ինչ անում են։ Ներկայումս Լուսինե Սարգսյանը դասավանդում է Պարարվեստի պետական քոլեջում, ունի ավարտական դասարան և արդեն նոր բեմադրությունների գաղափարներ, որոնք շուտով կյանքի կկոչվեն։
Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան