«Փաստինֆո»-ին Գարիկը պատմել է, որ Կոնսերվատորիան ավարտելուց հետո պետք է ծառայեր զինված ուժերի երաժշտական դասակում, սակայն վիճակահանությամբ քաշեց Հադրութը, պայմանով, որ մեկ ամիսից պետք է տեղափոխվի։ Պատերազմը խախտեց ամեն ինչ։ Ընդամենը 1,5 ամսվա նորակոչիկը զինված ուժերում երաժշտական գործիքները փոխարինեց զենքով:
Սովորական չէր 27-ի առավոտը` չնայած մինչև վերջին վայրկյանը Գարիկը չէր հավատում, որ պատերազմ կսկսվի։ Առավոտյան՝ սովորույթի համաձայն, որոշել էին սուրճ խմել։ Այդ ժամանակ ընկերներին փորձում էր հուսադրել, սակայն դեռ խոսքը չավարտած լսվեցին առաջին կրակոցի ձայները։ Պատերազմն սկսվել էր։
Երիտասարդը պատմել է, որ իրականում թշնամին առաջին օրվանից էլ օգտագործել է ֆոսֆոր պարունակող արգելված զենքեր։ Պատերազմի ականատեսը հիշում է՝ ինչպես է կրակն իր աչքի առաջ վայրկյանների ընթացքում բոցավառվել ու տարածվել ամբողջ դիրքով։
«Ամենասկզբից էլ լարված էր։ Ամսի 27-ին` ժամը 7-ից մինչև 5-ը անդադար կռիվ ենք տվել։ Սիգարետ ծխելու ժամանակ էլ չկար։ Մի քանի օր գիտակցության չէի գալիս։ Իմ հրետանու մոտի սնարյադը վերջացել էր, գնացել էի 4-րդի մոտից բերելու։ Որ հետ եկա, կրակի բոց տվեց միանգամից դիմացս։ Ես ընկա, սննարյադը ձեռքիցս ընկավ։
Կրակը տարածվում էր։ Գոռում էի՝ պաժառա։ Մեր թաքստոցը մեր խրամատն էր, բայց չէինք կարող թաքնվել։ Բաց դաշտ էր՝ ծառ էլ չկար։ Ընկերս պառկած էր, գնացի քաշեցի ու իրար հետ վազեցինք, 50 մետրի չափով հեռվացել էինք նույն թմբի վրա սնարյադ ընկավ, Պարզ է արդյունքը»։
Գարիկը նրբազգաց է ու մանկուց ֆոբիա ուներ արյունից։ Երկու օր շարունակ անգիտակից է եղել։ Պատերազմի արհավիրքը Գարիկի մոտ խոսելու դժվարություններ առաջացրեց, հերթափոխի դուրս չէր գալիս։ Հոկտեմբերի 10-ն ամենադաժանն էր հրետանավորների համար՝ թշնամին ռմբակոծում էր։ Գարիկն այդ օրը ծանր վիրավորվեց։ Վախից ու չդադարող պայթյունների ձայներից անզգայացել էր, կորցրել հիշողությունն ու խոսելու ունակությունը։ Երկու օր անց՝ ընկերները նրան Ֆիզուլի են տեղափոխել։
«Հետ գնալու հրաման մենք շուտ ենք ունեցել։ Ասում էին՝ պեխոտայով առաջ են եկել, բացի մեզնից Դ 20-ն էլ էր աշխատում։ Մենք հետ չենք գնացել, մինչև վերջ մնացել ենք։ Ամսի 10-ին շատ ուժեղ ռմբակոծեցին։ Այդ օրը վիրավորվեցի՝ կանտուզիա ստացա, խոսելու հետ խնդիրներ ունեի՝ չէի խոսում առհասարակ։ Մնացածը ընկերներս են պատմել։ Երկու օր պոստում եմ եղել էդ վիճակով, հնարավորություն չեն ունեցել իջեցնելու՝ շրջափակման մեջ են եղել։ Հիշում եմ՝ ֆիզուլիում արթանցա, ոչինչ չէի հիշում։
Գլխիս ուժեղ ցավ ունեի։ Վիրավորներով պադվալում էինք, չգիտեի գերի եմ, թե չէ։ Ոչ մեկին չեմ ճանաչել։ Ծանոթ մարդ չկար։ Մեկից հեռախոս ուզեցի, որ կապվեմ հարազատներիս հետ՝ չստացվեց։ Ինձ շփոթեցին ուրիշի հետ՝ անուն կարդացին ու նստեցրեցին բժշկական մեքենան, տարան Ազոխ։ Հասանք այնտեղ ու դիմավորեցին բժիշկները հագուստ ու սնունդ տվեցին ինձ»։
Հարազատների հետ կապի դուրս են եկել Ազոխում գտնվող բուժքույրերը։ Գարիկը վերջին օրերից շատ բան չի հիշում՝ հիշում է միայն, որ հոսպիտալի վերածված Ազոխի դպրոցում էին, բուժքույրերի խնամքի տակ, սակայն այդտեղ էլ երկար մնալ չհաջողվեց։
«Ժամը 10-ի կողմերը խուճապ սկսվեց։ Լարված էր վիճակը։ Դուրս ենք եկել մթության մեջ, լույս չէր վառվում։ Թուղթ ցույց տվեցի երևանցի մի տղայի, բուժքրոջ անունը վրան գրված էր։ Հարազատներս կապի էին դուրս եկել ու ասել, կողքից հեռու չգնամ, մինչև իրենց ասած մարդը մոտենա։ Մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտ, այնտեղից էլ ինձ բերեցին Երևան»։
Մայրաքաղաք վերադառնալուն պես Գարիկը հույս ուներ, որ հույզերն ու վնասվածքները կկարգավորվեն։ Խոսքը վերականգնելու համար երկար բուժում ստացավ։ Սակայն անասելի ցավը կրկնվում էր, կրկին կորուստների մասին լուրեր ստանում։ Ընկերներից շատերը զոհվեցին։
«Նորից ապրելու և ստեղծագործելու հույսը Գարիկին ստիպեց ապրել ու պայքարել, շնչել ու անվերջ նվագել, նոտաների միջոցով արտահայտել հույզերը։ Ոչինչ կյանքում պատահական չի լինում, նա էլ ամեն ինչ կապում է ճակատագրի հետ։