ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ինքն ասում է, որ Ադրբեջանում հայտնված գերիներն իր համար արդեն չկան, մոնտաժված է։

«Նյութը մոնտաժված է, խոսքը բանակցությունների մասին է, խոսքը տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին է։ Շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են աջակից և գալիս ու խնդրում են, ասում են՝ կարող ենք Ձեզ մի քանի հարց տալ, ես էլ պատասխանում եմ, ընթացքում նկատեցի, որ մի աղջիկ կար, եթե չեմ սխալվում՝ անունը Հասմիկ, որ հեռախոսը պահել էր։ Ասացի՝ խնդրում եմ չնկարահանել, որովհետև զրույցի ենք բռնվել, որը չեմ ուզում հրապարակային ասել։ Նա ասաց, թե՝ «չէ, ինչ եք ասում»։ Նման իրավիճակներն օգտագործվում են Հայաստանի շահերը հետ մղելու համար։ Էն բոլոր մարդիկ, ովքեր նման քայլ են անում, պետք է գիտակցեն, որ կա քրեական պատասխանատվություն», — ասաց Ալեն Սիմոնյանը։

Միաժամանակ Սիմոնյանն ասաց, որ  բոլոր  այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքը և հանձնվել են գերության, և քննությամբ պարզվի, որ իրենք նման գործողություն են արել, նրանց նկատմամբ գործ է հարուցվելու ամենայն հավանականությամբ։

«Այն մարդիկ, ովքեր չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, չեն պահել իրենց դիրքը և զենքը վայր են դրել ու հանձնվել են գերի, ես տեսնում եմ նաև հաճախ «հերոս» բառը բավականին արժեզրկվել ա բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով։ ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց ցավոք սրտի՝ կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու է կանխակալ վերաբերմունք ձևավորել, եթե նախաքննությունը դեռ չի ավարտվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ես կանխակալ վերաբերմունք չեմ ձևավորել, ես ասում եմ, որ ՀՀ օրենքը, նաև վարչապետն է դրա մասին խոսել ԱԺ ամբիոնից, որ քրեական օրենսգիրքը նախատեսում է՝ նման դեպքերում պետք է պատասխանատվություն լինի։ Այդ պատասխանատվությունը կրելու են այն բոլոր մարդիկ, որոնք օրենք են խախտել և ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել»։