00:00:00

«Էջմիածնում բաժանվել է կաշառք, մեքենաներով տատիկ-պապիկներին տարել են ընտրատեղամասեր

00:27, 07 դեկտեմբեր 2021

Էջմիածնում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով՝ 52,6% ձայներով, հաղթել է գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 33 հոգանոց ավագանու ցուցակով։ Էջմիածնում ընտրելու իրավունք ունեցող 43267 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է ընդամենը 10 980-ը, որից 5776-ն ընտրել է «Քաղաքացիական պայմանագրին», այսինքն՝ Էջմիածնում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 13,34%-ը։ Ընդհանուր առմամբ՝ ընտրությունների մասնակցությունն Էջմիածնում ցածր է եղել՝ 25,38%, ամենացածրերից մեկը երեկվա ՏԻՄ ընտրություններում։ 35,26%-ը հավաքել է «Էջմիածին» դաշինքը՝ ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր, անկուսակցական Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ․ նրա օգտին քվեարկել է 3872 հոգի։ Մնացած 13%-ը բաշխվել է 3 ուժերի միջև. «Հայրենատէր» կուսակցությունն ստացել է 528 ձայն,  «Իրական ժողովրդական» կուսակցությունը՝  273 ձայն, «Լուսավոր Հայաստանը»՝ 150 ձայն։ «Հայրենատէր» կուսակցության ցուցակը գլխավորած Ջիվան Աբրահամյանն ասաց, որ մասնակցության թիվը շատ ցածր է եղել, ինչպես նաեւ եղել է ուղղորդված ընտրություն, կիրառվել է վարչական ռեսուրս․ «Մենք մի իրականության բախվեցինք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժերը կարողացան իրենց ընտրողին հասցնել տեղամաս, իսկ պայքարի մեջ էինք, ոչ մի ուղղորդմամբ չէինք զբաղվում, մեր ընտրողին չկարողացանք քարոզարշավում ունեցած խնդիրների՝ ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով իրազեկել եւ տանել ընտրատեղամաս, զուտ պարտությունը կրում է ֆորմալ բնույթ, տեղի ունեցավ այն, ինչ 32 տարի ամրագրվել է մեր իրականության մեջ»։
Անդրադառնալով վարչական ռեսուրս կիրառելուն՝ նա ասաց, որ բոլորն էլ իրենց մեքենաներով տատիկ-պապիկներին հասցրել են ընտրատեղամասեր․ «Ասել, որ սա Վաղարշապատ համայնքի քաղաքացու որոշումն է, դա այդպես չէ, քանի  որ շատ ցածր տոկոսն է մասնակցել,եւ դրա մեջ շատ քիչ քվե տարել է «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Էջմիածին դաշինքը»։ Նա նշեց, որ իրենք եղել են Սյունիքում, չեն հասցրել իրենց ընտրողին բացատրել, թե ինչու պետք է ընտրատեղամաս գնան․ «Նրանք կարողացան իրենց ֆինանսական ռեսուրսներն ուղղել այստեղ, մարդկանց կաշառք բաժանել, մեքենաներով ուղղորդել ընտրատեղամաս։ Խնդիրը սրանում էր, ժամանակը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով էր սխալ։ Հայաստանում գործում է այսպիսի մի իրավիճակ․ իրենց աշխատողներն՝ իրենց վարչական ռեսուրսները, միայն ընտրության գնացին այդ մարդիկ։  Այն մարդիկ, որոնք իրականում Վաղարշապատ համայնքի բնակիչներ էին, ուղղակի մնացին անտարբեր կատարվող պրոցեսներ նկատմամբ»։ «Հայրենատէր» կուսակցությունը լինելու է ավագանու կազմում, Ջիվան Աբրահամյանը նշեց՝ որոշված չէ ՝ ինքը կվերցնի ավագանու անդամի մանդատը, թե ոչ։ Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի 38 համայնքում ՏԻՄ ընտրություններ էին , որտեղ ամենացածր մասնակցությունն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում էր՝ 20,73%, ապա՝ Էջմիածնում՝ 25,38%։ Ամենաակտիվը եղել է Լոռու մարզի Թումանյան համայնքը, որտեղ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 69,78%-ը։ Ընդհանուր առմամբ՝ երեկվա ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48%-ը, կամ՝ 472 528 մարդ 1,112 մլն մարդուց։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր