ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներից իրենց հեռախոսների նկատմամբ հաքերային հարձակում իրականացնելու վերաբերյալ դիմումներ կամ ահազանգեր չեն ստացվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:

««Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսներ «Pegasus» տեսակի ծրագրի միջոցով հնարավոր ներթափանցման վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ առկա չեն: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չեն ստացվել ՀՀ իշխանությունների կողմից «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու վերաբերյալ»,-ասված է ԱԱԾ-ի տրամադրած պատասխանում:

ԱԱԾ-ն նաև հավելել է, որ տարբեր տեսակի հաքերային հարձակումների կանխարգելման համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր հանրության շրջանում մեդիագրագիտության ցուցանիշի բարձրացման ուղղությամբ:

Նոյեմբերի 24-ին քաղաքական մի քանի գործիչներ հայտարարեցին, որ «Apple»-ից ստացել են նամակ այն մասին, որ իրենց հեռախոսը, հավանական է, ենթարկվել է հաքերային հարձակման:

Տեղեկատվական անվտանգության մասնագետներն ահազանգեցին, որ հարձակումը, հնարավոր է, կատարված լինի իսրայելական «Pegasus» լրտեսական ծրագրի միջոցով։ Իրենց հեռախոսների վրա հնարավոր հաքերային հարձակման վերաբերյալ նամակներ ստանալու մասին հայտնել էին ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը և այլք։