Irakanum.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ («Հայաստան» դաշինք) Իշխան Սաղաթելյանը։

Պարոն Սաղաթելյան, հայտարարել էիք, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը ժամանակատար գործընթաց է, դիմադրության շարժում է ձևավորվում, մարզային հանդիպումներ եք ունենալու։ Հիմա ի՞նչ ընթացքի մեջ է այդ ամենը։

Մենք ասել ենք, որ  ստեղծված իրավիճակից լուծումը համազգային դիմադրության ձևավորումն է, մարդկանց կազմակերպելը, նրանց, ովքեր դժգոհ են երկրում ստեղծված իրավիճակից և այս իշխանությունից, որոնց թիվը շատ մեծ է, բայց անհրաժեշտություն կա կազմակերպել մարդկանց, հավաքագրել և համակարգված աշխատել։ Այս իմաստով աշխատանքները շարունակվում են, արդեն մոտ քսան գրասենյակ ունենք, որտեղ կարող են քաղաքացիները մոտենալ՝ գրանցվել, զուգահեռ մարզային այցելություններ են։ Մի խոսքով դիմադրության պրոցեսի ձևավորման մեջ ենք։ Եթե տեսել եք այս ուղղությամբ Սփյուռքում շատ ակտիվ գործունեություն է գնում, օրեր առաջ շուրջ 70 կազմակերպություն հայտարարեց, որ միանում է մեր նախաձեռնությանը, մոտ 20 երկրից։

Բայց այս գրանցումներով, օնլայն տարբերակով հնարավոր է հասնել իշխանության հեռացմանը։

Այդ ձևակերպումն արդեն՝ օնլայն տարբերակով․․ մենք չենք ասել օնլայն տարբերակով պետք է հասնենք։ Մենք ասել ենք, որ կարիք ունենք, որ մեր համակիրների, աջակիցների բոլորի տեղերն իմանալ, սկսենք իրենց հետ աշխատել, կազմակերպել։ Մենք չենք ասել, որ իշխանափոխություն օնլայն  ենք անելու, դա ընդամենը միջոց է, շատ փոքր գործիք մեր համակիրների, աջակիցների հետ ավելի օպերատիվ աշխատելու համար։

Ամեն դեպքում քննադատվում է ձեր գործողությունները։ Այն մարդիկ, ովքեր դեմ են իշխանությանը կտրուկ գործողություններ են ակնկալում։

Դա այն հարցը չէ, որի բացատրությունը հեռախոսով կարողանամ կարճ տալ, բայց այսպես ձևակերպեմ, կտրուկ գործողություն անելու համար անհրաժեշտ է բավարար քանակությամբ ժողովուրդ։ Ամեն մարդ կտրուկ գործողություն ասելու իր պատկերացումն ունի։ Մենք ասել ենք, որ ժամանակը քիչ է, պետք է կարողանանք հետևողական իրականացնենք։

Հիմա ինչ-որ նոր ժամկետ ասում եք։ Օրինակ  2022 թվականին Նիկոլ Փաշինյանը էլ չի լինի իշխանության։

Մենք հետևյալն ենք ասում, որքան շուտ ձևավորվի ազգային, համաժողովրդական  դիմադրություն, ժողովուրդը ոտքի կկանգնի, էնքան շուտ մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս կբերենք և կգնանք ճիշտ ճանապարհով։ Դրա համար պետք է անենք առավելագույնը, որ օր առաջ այն տեղի ունենա։

Հիմա «Ազգային ազատագրական» շարժում է ձևավորվել, բողոքի ակցիաներ են անում։ Հնարավոր է համագործակցություն իրենց հետ։

Մենք այդ մասին բաց մի քանի անգամ հայտարարել ենք, բոլոր այն առողջ ուժերը, ովքեր պատրաստ են պայքարելու այս իշխանությունների դեմ, մենք պատրաստ ենք համագործակցության։