00:00:00

Հայաստանում հակաբիոտիկները հիմնականում չարաշահվում են. մասնագետի դիտարկումները

15:19, 19 նոյեմբեր 2021 Հասարակություն

Վերջին երկու տարում Covid-19-ի տարածման պատճառով  հակաբիոտիկների ոչ տեղին կամ սխալ կիրառումն ավելի է տարածվել, ինչը շատ վտանգավոր է հակաբիոտիկների հետագա ռեզիստենտականության (կայունության) և բարդությունների առաջացման համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ, դեղագործական գիտությունների թեկնածու Մարթա Սիմոնյանն՝ ընդգծելով, որ հակաբիոտիկների չարաշահումը կարող է լուրջ խնդիրների բերել: «Վիճակագրության համաձայն՝ աշխարհում հակաբիոտիկների սպառումն աճել է 36 տոկոսով։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բնակչության 46 տոկոսը կարծում է, թե հակաբիոտիկները ոչնչացնում են ինչպես վիրուսները, այնպես էլ բակտերիաները: Եվրոպայում, համաձայն փորձագետների ստացած արդյունքների, հակաբիոտիկի կայունությունից տարեկան 25 հազար մարդ է մահանում: Խնդիրը լայն տարածում ունի այն երկրներում, որտեղ  հակաբիոտիկները նշանակվում են առանց դեղատոմսի», - ընդգծում է համալսարանական մասնագետը: Նման երկրների թվում է Հայաստանը, որտեղ հակաբիոտիկները հիմնականում չարաշահում են ու շատ հաճախ կիրառվում են առանց բժշկի նշանակմամբ:  Մարթա Սիմոնյանի խոսքով, մարդիկ, երբեմն ինքնուրույն հակաբիոտիկներ կիրառելով, չեն պատկերացնում, որ կարող են նպաստել լուրջ խնդրի առաջացմանը՝ ենթակրիտիկականությունները, ինչն էլ կարող է  նպաստել հետագա անհրաժեշտ բուժման խաթարմանն ու առողջության վատթարացմանը։
«Այսինքն՝ անհրաժեշտ հակաբիոտիկն այլևս չի կարող օգնել, քանի որ մարդու օրգանիզմը կայուն է վերջինիս հանդեպ», - պարզաբանում է Մարթա Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ կորոնավիրուսը բուժվում է հակաբիոտիկներով միայն այն դեպքում, երբ վիրուսին «միանում է» մանրէային ֆոնը։ Մասնագետի խոսքով, կան թոքաբորբի տեսակներ, որոնք կոչվում են ատիպիկ, քանի որ դրանք պայմանավորված են այլ պաթոգեններով, օրինակ՝ գրիպի վիրուսով կամ SARS-CoV-2-ով (COVID 19) և այլ միկրոօրգանիզմներով։ «Այսինքն՝ կորոնավիրուսի թոքաբորբը վիրուսային է, իսկ հակաբիոտիկներն անօգուտ են և կարող են առաջացնել այլ, ավելի լուրջ խնդիրներ։ Իհարկե, կան իրավիճակներ, երբ COVID-19 հիվանդին իսկապես անհրաժեշտ է հակաբիոտիկներ նշանակել, բայց՝ միայն բժշկի ցուցումով», - նշում է դեղագետը՝ կոչ անելով երբեք չզբաղվել ինքնաբուժմամբ, պատասխանատու լինել առողջությանը վերաբերող յուրաքանչյուր որոշման համար: Լինում են դեպքեր, երբ բժիշկներն իրենք էլ հիվանդներին հակաբիոտիկները նշանակում են ոչ պատշաճ ու ոչ տեղին: Մասնագետը նշեց, որ նման դեպքերը չեն բացառվում, սակայն դա այնքան մեծ տոկոս չի կազմում, որքան քաղաքացիների կողմից դեղատներից հակաբիոտիկներ ձեռք բերելու դեպքերն են: «Շատ են դեպքերը, երբ հարբուխի, կոկորդի ցավի, մրսածության պարագայում կիրառում են հակաբիոտիկներ: Ցավով, արձանագրում ենք, որ նույնիսկ դեղատան աշխատողի հորդորներին, որ անհրաժեշտություն չկա հակաբիոտիկ ձեռքբերելու, ականջալուր չեն լինում: Մենք պետք է շատ զգույշ լինենք, որովհետև գործ ունենք կայունության հետ ու այն ժամանակահատվածում, երբ մենք իրականում կարիքը կունենանք այդ դեղերի, դրանք այլևս չեն օգնի մեր օրգանիզմին»,- ասաց Մարթա Սիմոնյանը: Ամեն տարի՝ նոյեմբերի 18-24-ը, ԱՀԿ որոշմամբ, աշխարհում անցկացվում է Հակաբիոտիկների իրազեկման շաբաթ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ոչ միայն կորոնավիրուսային համավարակի, այլև նրան նախորդող շրջանում պարբերաբար կոչ է անում հանրությանը հակաբիոտիկներն օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր