Այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեպքեր կլինեն, կամ ուսուցչական կազմում կլինեն դեպքեր, այդ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության  նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք սրտի, համավարակը մտավ մեր կյանք, ու մենք որևէ ժամանակագրական պատկերացում չունենք՝ այն կավարտի՞ երկու ամսից, վեց ամսից, մեկ տարուց, երկու տարուց։ Եթե նախորդ տարի կտրուկ լոքդաունները արդարացված էին ու թույլ տվեցին մեզ առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, դրանք անընդհատ պահպանելը երկարաժամկետ առումով բավական վնասակար հետևանքներ է ունենում»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը իր ուղեցույցների մեջ նշել է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով վարումը պետք է հնարավորինս կարճ ընթացքներով իրականացնել, որովհետև կան երեխաների թե՛ հոգեկան առողջության, թե՛ զարգացման, թե՛ թերսնուցման ու մի շարք այլ խնդիրներ, որոնց վրա չի կարելի աչք փակել։

«Ես՝ որպես առողջապահության նախարար, հակված եմ, որ տոտալ լոքդաունները շատ էֆեկտիվ կարճաժամկետ արդյունք են ցույց տալիս, բայց մենք չունենք այդ ժամանակը։ Մեկ շաբաթ արձակուրդը ևս մեկ շաբաթով երկարաձգելը մեզ մի պահ հնարավորություն է տալիս մեղմելու իրավիճակը։ Այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կգնան հեռավար ուսուցման կարգի, թիրախային մոտեցում կկիրառենք»,-ասաց նա։