00:00:00

Կարապետյանները դադարեցրել են «Տաշիր պիցցա»-ների գործունեությունը․ 122 թունավորված կա, որից 6-ի վիճակը ծանր է

22:26, 06 նոյեմբեր 2021

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով ընդհանուր դեպքերը կազմել են 122, որոնցից 21-ը մինչև 18 տարեկան են, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:  «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մարքեթինգի բաժնի տնօրեն Արտակ Մաթևոսյանը։ «Ներկա պահին որեւէ եզրակացություն անել չենք կարող, քանի որ առողջապահության նախարարության և սննդի անվտանգության տեսչությունը լաբորատոր ուսումնասիրություններ են անում, այսինքն փորձանշումներ են վերցրել, և մոտ օրերս կհրապարակեն թե որ սնունդն է եղել պատճառը»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Մաթևոսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչի՞ց են թունավորվել քաղաքացիները։ Դիտարկմանը, թե առաջին անգամ չէ, որ «Տաշիր պիցցա»-ում մարդիկ թունավորվում են, Մաթևոսյանը չհամաձայնեց, ասելով, թե իրենց գործունեության ողջ պատմության մեջ նման իրավիճակ չի եղել։ Հետո իր խոսքով ի ուրախություն հայտնեց, թե հոսպիտալացված քաղաքացիների 50 տոկոսից ավելին դուրս են գրվել։ «Մենք ուղիղ  կապի մեջ ենք և հիվանդանոցների և հարազատների հետ, այդ թվում և համապատասխան մարմինների»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։ Հարցին, թե ընկերությունը կրում է իր պատասխանատվությունը կատարվածի մեջ, Արտակ Մաթևոսյանն ասաց․«Մենք ներկայումս որեւէ մեկին մեղադրել չենք կարող, քանի որ պատճառը դեռ հայտնի չէ, թե ինչից է թունավորումը տեղի ունեցել»։ Թունավորման դեպք արձանագրվել է «Տաշիր պիցցա» պիցցերիաների չորս կետերում։ «Ներկա պահին մեզ հետաքրքրում է մեր հիվանդների առողջությունը, կրկին անգամ նշեմ, որ կապի մեջ ենք հիվանդանոցների հետ, դրական տենդեցն է նկատվում»,- ասաց «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մարքեթինգի բաժնի տնօրեն Արտակ Մաթևոսյանը։ Նա ասաց, որ ընկերության հիմնադիրներն էլ են անհանգիստ։ «Բոլորս սպասում ենք լաբորատոր փորձաքննությունների արդյունքներին, ինչից է առաջացել, ովքեր են մեղավորները»․- ասաց Արտակ Մաթևոսյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ի՝ ժամը 16:00-ի դրությամբ բուժումը շարունակում են 88 քաղաքացի, որոնցից 19-ը՝ մինչև 18 տարեկան: 34 պացիենտ, որոնցից 2-ը՝ մինչև 18 տարեկան, դուրս է գրվել: Հոսպիտալացվածներից 64-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 18-ը մինչև 18 տարեկան են: Տասը  քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1 –ը՝ մինչև 18 տարեկան, 12-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։ Պացիենտներից 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար: Հավելենք, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով թունավորված քաղաքացիներից մեկը հղի է։ Նա այդժմ գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր