00:00:00

«Ասում էր՝ մի 3 օրով գամ տուն, կարոտս առնեմ, գնամ». 19-ամյա հերոսի մոր պատմությունը

03:59, 07 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված 19-ամյա հերոսի տարեդարձից օրեր անց սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Գյումրեցի Մարտին Հովհաննեսի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ. սեպտեմբերի 5-ին), պարտադիր ժամկետային զինծառայող էր: Մարտինը մինչև վերջին փամփուշտը կռվել է և հոկտեմբերի 13-ին հերոսաբար զոհվել է Հադրութի համար մղվող մարտերում: Հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»: «Մարտինս կազմակերպված մարդ էր, համեստ, հանգիստ: Դեռ դպրոցական տարիներից եմ հպարտացել իրենով, երբեք թույլ չի տվել, որ գլուխս կախեմ: Պարզ ճակատով էի դպրոց մտնում, գնում էի ծնողական ժողովներին ու միշտ հպարտություն եմ զգացել: Շատ երազանքներ ուներ… ասում էր՝ մա՛մ ջան, չմտածե՛ս, կգամ, ամեն ինչ լավ կլինի, մենք ամեն ինչ կունենանք: Բանակ գնալուց առաջ սիրահարվել էր, չէր խոստովանել սիրո մասին, ես հիմա մտածում եմ, որ նաև էդ պատճառով էր ուզում գալ: Մարտինս ուրախ էր, հումորով, երբեք ցույց չէր տալիս իր կարողությունները:
Վերջին անգամ որդուս երդմնակալության ժամանակ եմ տեսել, մենք ուշացել էինք, ոչ մի բառ չասաց, էնքան համեստ էր, որ անգամ չհարցրեց, թե ինչի եք ուշացել, ասաց՝ մա՛մ ջան, ոչինչ, անձրև էր, որ գայիր, կթրջվեիր: Ուրիշ էր Մարտինս… Մարտինս Ջաբրայիլում՝ Ջրականում էր ծառայում, ոչ մի անգամ չի դժգոհել ծառայությունից: Միշտ ասում էր. «Երբ պիտի էս կարանտինը վերջանա, որ մի քանի օրով գանք տուն»: Ասում էի՝ մի քիչ համբերություն ու վերջ… երևի երեխեքը գիտեին, որ ինչ-որ բան լինելու է: Ասում էր՝ մի երեք օրով գամ տուն, կարոտս առնեմ, գնամ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված 19-ամյա հերոսի մայրը՝ Գոհար Մազմանյանը: 19-ամյա հերոսի Մարտինը սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 6-ը մասնակցել է Ջրականի համար մղվող մարտերին, այնուհետև տեղափոխվել է Հադրութ, կռվել թշնամու դիվերսիոն խմբի դեմ, հայտնվել շրջափակման մեջ: «Մինչև հոկտեմբերի 6-ը Ջաբրայիլում են կռվել, ամսի 7-ին Հադրութում են կռվել: Ամսի 7-10-ը մասնակցել են Հադրութի պաշտպանության մարտերին: Մարտինս տարբեր հեռախոսահամարներով էր զանգում, հոկտեմբերի 10-ն էր, էդ օրը փորձեցի զանգել իր զանգած բոլոր համարներով: Մարտինս զանգեց ասաց՝ մա՛մ ջան, չմտածե՛ս, առաջ ենք գնում: Ես մտածում էի, որ երեխեքն են ասում, որ ամեն ինչ լավ է լինելու, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու: Ասաց՝ մա՛մ, էլ չզանգես էս համարին, մենք հեռու տեղ ենք գնում»,- պատմում է տիկին Գոհարը: Հոկտեմբերի 10-ին եղել է Մարտինի վերջին զանգը, ու հոկտեմբերի 10-ից հետո էլ զանգ չեն ստացել, և զինծառայողի ընտանիքի համար սկսվել է հույսով և անհույս, սպասումով լի օրերը: Հովհաննիսյանների ընտանիքին միայն ամիսներ անց է հաջողվել գտնել իրենց որդու մարմինը: «Ես մինչև հիմա չեմ հավատում, ես զգացողություններ չեմ ունեցել, բայց երազներ էի տեսնում: Պատերազմից մի քանի ամիս առաջ շատ վատ երազ եմ տեսել: Պատերազմի ընթացքում անհանգիստ էի, մանավանդ Մարտինի չզանգած օրերին: Մարտինի մարմինը դեկտեմբերի 4-ին են հայտնաբերել, հունվարի 7-ին զանգեցին մեզ ասացին, որ ԴՆԹ-ն համընկել է: 2020թ. հունվարի 7-ին տղաս գնաց բանակ, 2021թ. հունվարի 7-ին էլ զանգեցին մեզ ասացին՝ ԴՆԹ-ն համընկել է: Ոնց հունվարի 8-ին Հայաստանից գնաց Արցախ, մեկ տարի անց նույն օրն էլ Արցախից եկավ Հայաստան»,-պատմում է Մարտին Հովհաննիսյանի մայրը: Պատերազմից հետո տիկին Գոհարի համար գույները խամրել են, կյանքը դարձել է անհետաքրքիր: «Ոչ մի մայր չի ուզում, որ իր որդին հերոս լինի, թող իմ կողքին լիներ, ես շատ կապված էի Մարտինիս հետ: Կյանքս դարձել է անհետաքրքիր, ես անգամ իմ տուն չեմ կարող մտնել, ես ծնողներիս տանն եմ հիմա ապրում: Հիմա միայն ավագ որդուս համար եմ ապրում, չեմ ուզում նրան մենակ թողնել, թե չէ էս կյանքն էլ ինձ համար հետաքրքիր չէ»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մարտին Հովհաննիսյանի մայրը՝ Գոհար Մազմանյանը: 19-ամյա հերոսի Անահիտ Չալիկյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր