00:00:00

Արթուր Ալեքսանյանի ու Կարապետ Չալյանի դիմավորումը «Զվարթնոցում»

14:59, 07 օգոստոս 2021 Հասարակություն

Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, Տոկիո-2020 օլիմպիական փոխչեմպիոն, Լոնդոն-2012 օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը նախորդ գիշեր օլիմպիական Տոկիոյից վերադարձավ հայրենիք: Նրա հետ հայրենիք վերադարձավ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանն ու անձնական մարզիչ եւ հայր Գեւորգ Ալեքսանյանը: Արթուր Ալեքսանյանը օլիմպիական Տոկիոյից Երեւան ժամանեցին Տոկիո-Դոհա-Երեւան չվերթով օգոստոսի 7-ին 00:50-ին: «Զվարթնոց» օդանավակայանում 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում վիճարկելի մրցավարության արդյունքում արծաթե մեդալի արժանացած Արթուր Ալեքսանյանին մեծ շուքով դիմավորեցին, բայց առանց հայկական զուռնա-դհոլով, ինչպես դիմավորել էին Տոկիո-2020 բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին: Արթուր Ալեքսանյանին ժամանման սրահում մեծ թվով երկրպագուներ էին սպասում: Դիմավորողների շարքերում էին նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները, Արթուրի մայրը, եղբայրը, հարազատներն ու ընկերներ: Սպորտային ղեկավարությունից ներկա էին ՀԱՕԿ փոխանագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ ԿԳՄՍ նախարարության սպորտի եւ քաղաքականության վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Օլիմպիական փոխչեմպիոնին այս անգամ էլ չդիմավորեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը: Օլիմպիական ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակրին դիմավորեցին ծափերով, դափնիներով, պաստառներով: Դերենիկ Գաբրիելյանը երկու դափնի հանձնեց Արթուր Ալեքսանյանին, որոնցից մեկը չարժանացած օլիմպիական ոսկե մեդալի պատվին: Արթուր Ալեքսանյանը ժամանման սրահ դուրս եկավ առանց օլիմպիական մեդալը կծքին: Օլիմպիական չեմպիոնն ասաց, որ միտումնավոր չի կախել մեդալը պարանոցին, քանի որ իր մեդալի գույնը չի: Ի դեպ, Արթուր Ալեքսանյանի հետ հայրենիք վերադարձած Կարապետ Չալյանն օգոստոսի 7-ին նշում է ծննդյան 28-ամյակը: Այդ մասին «Զվարթնոցի» սպասասրահում հավաքվածներին հիշատակեց Արթուր Ալեքսանյանը: Ծննդյան շնորհավորանքներն ընդունելուց հետո Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը խոստովանեց, որ չի պատրաստվում այն նշել, քանի որ հայրենիք է վերադարձել առանց օլիմպիական մեդալի: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները Արթուր Ալեքսանյանին եւ Կարապետ Չալյանին ծափերով ճանապարհեցին Գյումրի: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունը ելույթն ավարտեց 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե: 17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում արծաթե մեդալներ նվաճեցին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Դավթյանը երրորդ տեղը գրավեց սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: Մեդալ նվաճելուն մոտ էր նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), որը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Այս պահին Հայաստանը Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում 66-րդ տեղում է: Տոկիո-2020-ում հայ մարզիկներից հանդես եկան նաև ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը, ծանրորդ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) Հիշեցնենք, որ նախորդ՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել էր 1 ոսկե ու 3 արծաթե մեդալ և 42-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում: Ռիո դե Ժանեյրոյում Արթուր Ալեքսանյանը նվաճել էր օլիմպիական չեմպիոնի կոչումը, հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ: Լուսինե Շահբազյան   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր