00:00:00

547 դեպք՝ վեց ամսում. վերջին տարիներին աննախադեպ աճել են մեքենաների համարանիշների գողությունների դեպքերը

03:09, 15 հուլիս 2021 Հասարակություն

Վերջին երկուսուկես տարում  Հայաստանում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների գողության շուրջ 1000 դեպք, որից միայն  547– ը` այս տարվա առաջին կիսամյակում։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ոստիկանությունից։ Մասնավորապես 2019թ. արձանագրվել է ավտոմեքենաների պետհամարանիշների գողության 79, իսկ 2020-ին` 319 դեպք։ Ավելի վաղ՝  2017-2018թթ. ավտոմեքենաների պետհամարանիշների գողության դեպքերի հաշվառում չի կատարվել, քանի որ այն չի կրել մասսայական բնույթ։ Գողությունների թիվն աննախադեպ աճել է այս տարվա ընթացքում։ Մասնավորապես, եթե 2020թ. առաջին կիսամյակում արձանագրվել էր պետհամարանիշների գողության 135 դեպք (որից բացահայտվել է 8–ը), ապա 2021թ. նույն ժամանակահատվածում 547 դեպք (բացահայտվել է 14–ը)։ Խոսքը ոստիկանությունում հաշվառված դեպքերի մասին է, մինչդեռ իրականում նմանօրինակ գողությունների թիվն անհամեմատ ավելի մեծ է։ Բանն այն է, որ պետհամարանիշների գողությունների բացահայտման ցուցանիշը շատ ցածր է, ինչի պայմաններում վարորդներից շատերը չեն դիմում իրավապահներին, այլ անձամբ են փորձում կապ հաստատել հափշտակողների հետ և որոշակի գումարի դիմաց հետ ստանալ իրենց  մեքենաների համարանիշները։ Գողությունների սխեման շատ պարզ է.  դրանք հափշտակողները, սովորաբար, ավտոմեքենաների դիմապակիներին թռուցիկ են թողնում, որի վրա գրված է, որ միաժամանակ երկու պետհամարանիշները կորցնելու դեպքում, այն չի վերականգնվում, ինչպես նաև թողնում են իրենց կողմից օգտագործվող «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված օգտանունները, դրանցով որոշակի գումար պահանջում՝ օրինակ՝ 60․000–80.000 դրամ, հորդորում այն փոխանցել ինչ-որ հաշվեհամարի, ինչից հետո պատրաստակամություն հայտնում ասել, թե որտեղից կարող են վերցնել համարանիշները։ Իսկ  գումարը չփոխանցելու դեպքում՝ սպառնում են ոչնչացնել այդ համարանիշները։ Ավելի հմուտ հանցագործները պետհամարանիշների տերերին առաջարկում են գումարներ փոխանցել կանխիկացման հնարավորությամբ օժտված կրիպտոարժութային դրամական միջոցների իրենց հաշվեհամարներին, ինչը վերահսկելը գրեթե անհնար է։ Հիշեցնենք, որ դեռևս 2010թ. ընդունված կառավարության որոշմամբ զույգ համարանիշերի կորստյան դեպքում սեփականատիրոջը նույն տվյալներով համարանիշեր չի տրամադրվում, փոխարենը՝ համարանիշերի վերականգման համար սեփականատերերը պարտավոր են կրկին հաշվառման համարանիշի արժեքի չափով վճարում կատարել պատկան մարմիններին։ Խնդրի լուծման նպատակով  ոստիկանությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ հանրային քննարկման է ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի սահմանել այնպիսի կարգավորումներ, որի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող համարանիշների գողության և կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։ Դատախազությունն էլ իր հերթին առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի շրջանակներում քրեական պատասխանատվություն սահմանել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության, ինչպես նաև շորթման համար: Իսկ մինչ այդ, «գոլդ» համարանիշներ ունեցող մեքենաների շատ վարորդներ, գիշերը մեքենան դրսում կայանելիս, հանում են պետհամարանիշները, ապա առավոտյան դրանք նորից տեղադրում՝ այդ կերպ փորձելով խուսափել «հնարամիտ» հանցագործների թակարդը ընկնելուց։ Վաղը ՀՀ կառավարությունը կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ /նիստի 28-րդ կետով քննարկվող հարց/ կորած համարանիշների կրկնօրինակի տրամադրման հարցում, որով որոշ չափով կկանխվեն լայն տարածում ստացած՝ համարանիշների հափշտակությունները: Իհարկե, որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո, սակայն այդ որոշման գործողությունը տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր