168.am–ն օրերս հրապարակել էր Հաշվեքննիչ պալատի 2020թ. ընթացիկ եզրակացություններից մի քանի հատվածներ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարության պահպանման ծախսերի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բյուջետային միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության օգտագործման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ:
Եզրակացության մեջ առկա էին ուշագրավ դրվագներ, որոնք առնչվում էին «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» (ԱՏՁՄ) հասարակական կազմակերպությանը (ՀԿ):
Ըստ այդմ՝ 2019 թվականին Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համաշխարհային համաժողովի անցկացման համար պետության կողմից ՏՏ ու ծառայությունների համաշխարհային ալյանսին (WITSA) անհրաժեշտ երաշխիքային կանխավճարը հատկացվել է միջոցառման կազմակերպիչ «ԱՏՁՄ» ՀԿ-ին՝ «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրերով:
Կանխավճարը՝ 750.000 ԱՄՆ դոլարը (362.049.00 հազ. դրամ), միջոցառման ավարտից հետո համաժողովի կազմակերպումից ստացվող գումարների հաշվին պետք է վերադարձվեր պետական բյուջե, սակայն, ըստ եզրակացության, համաժողովն ավարտվել է, իսկ կանխավճարն այդպես էլ չի վերադարձվել: Ավելին, նշյալ ՀԿ-ն դիմել է կառավարությանը՝ խնդրելով ստացված կանխավճարի մնացորդը՝ 348 մլն դրամը, չվերադարձնել պետական բյուջե։
Թեև այս առաջարկին դեմ են եղել ՀՀ ֆինանսների և ԲՏԱ նախարարությունները՝ նկատելով, որ այն խնդրահարույց է մի շարք իրավական ակտերի տեսանկյունից և հակասում է օրենսդրության պահանջներին, այնուամենայնիվ կառավարությունը պարզապես ներել է այդ ՀԿ-ի պարտավորությունները. 348 մլն դրամը՝ ավելի քան 700.000 դոլարը, չի վերադարձվել պետական բյուջե։
Ի դեպ, մեկ ամիս առաջ էլ կառավարությունը հերթական չզեկուցվող հարցով հավանության է արժանացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի ներկայացրած նախագիծը ու ներել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի՝ 145,810․7 հազար դրամի չափով հարկային պարտավորությունները։
Եվ կրկին, պետբյուջեից հատկացվող գումարների վերաբերյալ առարկություն է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը և նշել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացրած նախագծում պարզ չեն ընկերության հարկային պարտավորությունները ներելու վերաբերյալ հիմնավորումները, և պարտավորությունները մարելու նպատակով գումար հատկացնելու փաստարկը հիմնազուրկ է: Սակայն, ինչպես հաճախ, այս դեպքում ևս, չնայած Ֆինանսների նախարարության առարկությանը՝ գործադիրը նախագիծն ընդունել է:
Հաշվեքննիչ պալատի ներկայացրած եզրակացության մեկ այլ դրվագում էլ նախարարության կողմից «Երևան էքսպո» կենտրոնի տարածքը վարձակալվել է միջնորդավորված ձևով՝ 1քմ-ի դիմաց վճարելով 103.9 անգամ ավելի թանկ վարձավճար:
Այս աղմկահարույց դրվագները պարզաբանելու առնչությամբ՝ 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել նաև «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով՝
- թե ՀԿ-ն ինչո՞ւ պետբյուջե չի վերադարձրել միջոցառման կանխավճարի մնացորդը՝ 348 մլն դրամը և ինչո՞ւ է դիմել կառավարությանը՝ այն պետբյուջե չվերադարձնելու համար,
- թե ինչո՞ւ է նախարար Հայկ Չոբանյանի ներկայացրած նախագծով Կառավարությունը ներել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի՝ 145,810․7 հազար դրամի չափով հարկային պարտավորությունները, ինչո՞ւ են դիմել հարկային պարտավորությունների մարման համար: Արդյո՞ք այդպիսով անհավասար մրցակցային պայմանների մեջ չեն հայտնվում այլ ՀԿ-ների հետ, որոնք պատշաճ կերպով վճարում են հարկերը,
- թե ինչո՞ւ են «ԴիջիՏեք 2019» ցուցահանդեսի տաղավարի վարձակալության համար ԲՏԱ նախարարությունը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիրը, որով 06.10.2019 թ.-09.10.2019 թ. ընկած ժամանակահատվածի համար ՀԿ-ից «Երևան էքսպո» կենտրոնի 1-ին հարկի տարածքից վարձակալել է 250 քմ տարածք, 1 քմ տարածքի գինը 84.000.00 հազար դրամ արժեքով կամ օրական 1 քմ-ի համար 21,000.00 հազար դրամ, եթե «Երևան էքսպո» կենտրոնը պատկանում է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին, և ԱՏՁՄ-ն 25.09.2019թ.- 09.10.2019թ. ընկած ժամանակահատվածի համար ամբողջ կենտրոնը իր հարակից տարածքներով վարձակալել է՝ շուրջ 3300քմ, 10.000.00 հազ. դրամ արժեքով, օրական 1 քմ-ի համար՝ 202 դրամ: