Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր):
Օրինակ՝ չնայած Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի հողային վեճերի հանձնաժողովի 1923թ. ապրիլի 28-ի որոշմանը, որով նախատեսվում էր Ղազախի Գավառին հանձնել Շինիխ-Այրումի շրջանում գտնվող ընդամենը 5.000 դեսյատին հողատարածք, Ղազախի հողաշինարարական խումբը հատուկ կազմել էր բոլորովին այլ հատակագիծ՝ անտեսելով այդ որոշման պահանջը:
Մեկ այլ օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձվում էին, քանի որ ադրբեջանական կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող, բայց իրենց տիրույթների մեջ խրված հողերի մեծ մասը և հրաժարվում էին վերադարձնել: Դա էլ դժվարություններ էր առաջացնում նաև արոտավայրերից, անտառներից ու ջրային պաշարներից գյուղացիների օգտվելու հարցում: