«Դուք մեզ պահ եք տվել ամենաթանկը՝ իշխանությունը»,- խորհրդարանում հայտարարում է իշխող խմբակցապետ տիկինը՝ գիտակցված կամ ոչ, սակայն բացահայտելով ոչ այնքան իր, որքան իր ներկայացրած թիմի ու, ամենակարևորը՝ նրա ղեկավարի արժեքային համակարգն ու բարոյական նկարագիրը։ Որևէ հասարակությունում ամենաթանկը մարդկային կյանքն է, իշխանությունն ընդամենը միջոց է այդ կյանքն ավելի լավը դարձնելու համար։
Հայաստանի քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին «ի պահ են տվել» ոչ թե իշխանությունը, որն ամենաթանկն է նրանց համար, այլ իրենց ու իրենց երեխաների կյանքը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, որի համար ամենաթանկն իշխանությունն է, իր համար ամենաթանկը՝ այդ իշխանությունը պահպանելու համար զոհաբերել է քաղաքացիների համար ամենաթանկը՝ երեխաների կյանքը։ Սա աշխարհայացք ու փիլիսոփայություն է՝ ոչ միայն, իսկ իրականում՝ ոչ այնքան իշխանության, որքան մարդկային, համամարդկային արժեքների ու դրանց ամենաբարձր արժեքի՝ կյանքի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը, ահա, ոտնձգել է այդ ամենաբարձր արժեքի՝ մարդկային կյանքի նկատմամբ, ու հիմա ճամարտակում է, որ երեք տարի շարունակ ամեն ինչ արել է մարդու կյանքի համար։ Պատեհապաշտության ու փարիսեցիության ավելի ցինիկ դրսևորում դժվար է անգամ երևակայել։
Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին քննարկումները սոսկալի էին իրենց անհամարժեքությամբ։ Մի ամբողջ օր տասնյակ մարդիկ, փողկապներով կամ առանց դրանց, դեմքի իմաստուն արտահայտությամբ, իսկ հիմնականում՝ առանց դրա, խոսում էին «սխալների», «թերությունների», «բացթողումների» մասին։ Խոսում էին այնպիսի ու այնքան անհոգ առոգանությամբ, կարծես խոսքը սովորական երկրի սովորական նախընտրական իրականության մասին է։