Հայաստանը չունի այն Արցախը և Արցախն էլ այն Հայաստանը, որը կային մինչև սեպտեմբերի 26-ը։ Այս մասին «Նեմեսիս» հաղորդաշարի ընթացքում ասել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը, խոսելով Արցախյան վերջին պատերազմի մասին։
Քաղաքագետը նշել է, որ Արցախում հիմա լավագույնս է երևում մեր պատմության ամենաբարդ և ամենավճռորոշ այն երևույթը, որ ժողովրդագրությունն է որոշում պատկանելությունը․ «Ցեղասպանությունն ինչի՞ համար արվեց, որ ուղղակի այդտեղ մարդ չլինի․ Չկա մարդ, չկա պրոբլեմ։ Քանի կար մեր առաջնագիծը, մեր սուվերեն բանակը, Աղդամ, Ջաբրայիլ, մեր զինվորը կանգնած էր, այդ դեմոգրաֆիկ խնդիրն այդքան օրհասական չէր երևում, որովհետև բանակն իրենով դա պահպանում էր։
Օրինակ, եթե այնտեղ ապրեր ոչ թե 100 հազարի չափ մարդ, այլ 400 հազարի, հավատացեք, Ադրբեջանին այդքան հեշտ չէր լինի պատերազմ սկսել, որովհետև մոբիլիզացիոն ռեսուրսը շատ կլիներ»,-նշել է նա։
Էլբակյանի խոսքերով, այս խնդիրը Հայաստանի ամենածանր խնդիրն է, որովհետև հայկական լեռնաշխարհում հայ ազգը երբեք այսքան քիչ չի եղել․ Մենք հիմա պատմական մինիմումում ենք գտնվում․ «Այս իշխանություններն ունեն նման հատկություն, երբ փորձեն համոզել՝ հա դե ի՞նչ, արտագաղթ միշտ է եղել»։
Նա ընդգծել է, որ Սյունիքն ադրբեջանցիների հաջորդ թիրախն է․ «Երբ մենք տարիներ շարունակ կրկնում էինք Մոնթե Մելքոնյանի խոսքերը մարդիկ երևի լուրջ չէին ընդունում կամ մտածում էին ուղղակի հայրենասիրական խոսք է, բայց Մոնթե Մելքոնյանը մտածող, հասկացող մարդ էր։ Մոնթեն աշխարհը տեսել էր, հասկացել էր աշխարհի կարգը և այստեղ փորձում էր դա բացատրել։