«Երեկ Եվրամիությունը շատ կարևոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ կոնկրետ և հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում, անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ վերջին շրջանում միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է և մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Ադրբեջանում գտնվող հարյուրավոր հայ գերիների վերադարձի մասին, ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը նախ նշեց, որ նույն միջազգային հանրության ուղղությամբ Ադրբեջանն էլ է կարողանում աշխատել և սլաքներ ուղղել, բայց, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը գերիների վերադարձի համար որևէ խաղաքարտ չունի, և մի՞թե մենք պետք է այնքան սպասենք, մինչև Փաշինյանի մատնանշած միջազգային հանրության ճնշումը մեծանա, որ մեր գերիներին մեզ տան։
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենը Մոսկվայում է, պարբերաբար հանդիպումներ է ունեցել այդ հարցով, բայց միջազգային հանրության ճնշումների մասին խոսելուց առաջ թող ասեն, թե այդ ի՞նչ եղավ, որ գերիների վերադարձի գործընթացը կանգ առավ։ Եթե այս կառավարությունը աշխատանք էր տանում, այդ դեպքում ինչո՞ւ էր Ալեն Սիմոնյանը հույս հայտնում, թե գերիները կվերադառնան։ Ես չեմ ճանաչում այս Կառավարության կազմում որևէ մեկին, որը զբաղվում է գերիների խնդրով առհասարակ, ու քանի որ որևէ մեկը չկար, որոշեցինք խորհրդարան հրավիրել Արտաքին գործերի փոխնախարարին՝ հասկանալու համար, թե ինչ են արել գերիների վերադարձի հարցով, բայց տարօրինակ պատասխան է տրվել՝ ասել է՝ դուք եկեք, Պաշտպանության նախարարությունից էլ Առաքել Մարտիկյանին ենք հրավիրել, ասել է՝ խնդրում եմ՝ դիմեք Պաշտպանության նախարարին, թող հրաման տա՝ կգամ, դիմել ենք նաև ԱԱԾ պետին, գործուղման մեջ է, դեռ պատասխան չունենք։ Ես տեսնում եմ միտում՝ խուսափելու այդ թեմայով քննարկումից, որովհետև երբ Արտաքին գործերի փոխնախարարը պատգամավորի հրավերին ի պատասխան՝ ասում է՝ դուք եկեք, դա տարօրինակ է նվազագույնը. ինչ է՝ վախենո՞ւմ է գա, իրեն է՞լ ազատեն աշխատանքից, ինչպես ազատեցին Բորիս Ավագյանին»,- ասաց անկախ պատգամավորը։
Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմն ունի ռուսական կողմի հետ աշխատանքը կոորդինացնելու և այլ խնդիրներ, իսկ երբ իշխանության անդամն Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովին անվանում է «տասովչիկ» և պատժի չի արժանանում, ապա Մուրադովը կարող է դրանից հետո գերիների խնդրով զբաղվել իր պարտականությունների շրջանակում միայն, և ոչ թե, ասենք, պարտականությունների շրջանակում՝ պլյուս ի սրտե։
«Այնպես որ, Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցն այս Կառավարության աշխատանքի հետևանքով է մտել փակուղի, որովհետև մինչև վերջին ամիսներն անգամ այն գերիներից, որոնց Ալիևը համարում էր ռազմագերի, հնարավոր է եղել վերադարձնել Հայաստան։ Շատ բաներ կա, որ ես այս իշխանության հետ այլևս հույս չեմ կապում՝ սկսած անվանգության բաղադրիչից՝ մինչև գերիների և այլ հարցեր»,- ասաց Վարդան Աթաբեկյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է գերիների վերադարձի դիմաց Նիկոլ Փաշինյանին պարտադրվի ևս մեկ տարածքային զիջում, Վարդան Աթաբեկյանն ասաց.
«Չի բացառվում, կարող է պարտադրվել անգամ երկուսի գնով. չէ՞ որ ասում էր, թե գաղտնի ոչինչ չի լինի, բայց գաղտնի փաստաթուղթ ստորագրեց։ Փաշինյանն Ազգային ժողովում ասաց՝ ես պատրաստ եմ զոհվել. ո՞ւր է այդ կետը. մեկը զոհվեց, ինքը ստորագրեց կապիտուլյացիայի հայտարարություն. ես դա համարում եմ դավաճանություն։ Այնպես որ, ես չեմ տեսել որևէ խոսք, որը կատարվել է կյանքի գնով, այնպես որ, որևէ նոր փաստաթղթղի ստոարագրում ես չեմ բացառում»,- ասաց Աթաբեկյանը։