Ինչպե՞ս է ստացվում, որ առերեւույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան պատերին։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Նշենք, որ այսօր ԱԺ-ն որոշում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը։
«Արդյոք այս գործի շրջանակներում միայն 2017 թվականի ընտրակաշառքի դեպքեր եք գտել եւ չեք գտել 2018 թվականին կամ մինչեւ այդ եղած որեւէ նյութ, պատգամավորների ստորագրած որեւէ փաստաթուղթ։
Արդյոք միայն այս քաղաքական ուժի «Ծառուկյան» դաշինքի մասով եք ընտրակաշառքի փաստերի տիրապետում։ Օրինակ՝ Հանրապետական կուսակցության ընտրակաշառքների մասին տեղեկատվության չե՞ք տիրապետում։
Ինչպե՞ս է ստացվում, որ առերեւույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան պատերին։ Կարծես՝ թափած էր մի տեղ, նրանք էլ հավաքել եւ տեղադրել էին»,- հարցրեց Թանդիլյանը։
Դավթյանն ասաց, որ քրեական հետապնդման մարմինները չեն փնտրում որեւէ քաղաքական ուժի կամ որեւէ կոնկրետ ընտրության ընթացքում կատարված փաստաթղթեր. «Քրեական վարույթները ենթադրում են քրեադատավարական գործողություններ, երբ դրանց ընթացքում ձեռք են բերվում այս կամ այն դեպքի, այդ թվում՝ ընտրակաշառք ձեռք բերելու վերաբերյալ տեղեկություններ, ոչ մի դեպքում անալիզ չի արվում՝ որ քաղաքական ուժին է վերաբերում կամ՝ որ ժամանակահատվածին։ Եթե այդ կամ այլ գործով որեւէ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվի որեւէ այլ քաղաքական ուժի, որեւէ ժամանակահատվածի ընտրությունների վերաբերյալ փաստաղթղեր, հավաստիացնում եմ, որ կունենա նույն ճակատագիրը»։
Անդրադառնալով փաստաթղթերի հրապարակմանը՝ Դավթյանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալով տեղեկություն հրապարակել. «Բոլոր այն դեպքերում երբ նախաքննական մարմինը պաշտոնապես կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել, դա վարույթն իրականացնող մարմնի լիազորությունն է, պարտականությունն է՝ հանրությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու պատասխանատվությամբ»։
Թանդիլյանն արձագանքեց. «Այսինքն՝ դուք դիտավորությամբ՝ համարելով ոչ այնքան կարեւոր նյութ կամ ոչ նախաքննական գաղտնիք պարունակող՝ արտահոսք եք կազմակերպել եւ տրամադրել տվյալները իշխող քաղաքական ուժին եւ համարել եք, որ դա նույնիսկ պետք է տրամադրել հանրությանը։ Այնինչ դուք այդ փաստաթղթով եք եկել ԱԺ, հետեւաբար այն դեռ պետք է ապացուցման ենթակա փաստաթուղթ լինի»։
ԼՀԿ պատգամավորը կրկնեց հարցերը. «Դուք այլ քրեական գործ եք բացահայտել 2017 թվականը։ 2017 թվականի այդ դեպքով այլ տարիների որեւէ արձանագրում չե՞ք արել։
2017 թվականի մայիսի 12-ին հիշեցրեք՝ ո՞վ էր դատախազը, երբ ես լայվով արձանագրում էի Արարատյան թաղամասում ընտրակաշառք բաժանելու դեպք։ Մի անգամ ձեր մտքով անցե՞լ է որեւէ մեկին հարց տալ, թե՞ նման պահանջարկ չկա կամ նման առաջադրանք»։
Գլխավոր դատախազը պատասխանեց.
«Ես հստակ ասացի՝ վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշում, թե ինչ ծավալի տեղեկություններ է պարտավոր հանրությանը տեղեկացնել։ Մնացած այլ ճանապարհով արտահոսքը հանցագործություն է։
2017 թվականին ես եմ եղել դատախազը։ Աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվել, ձեր վկայակոչած դեպքը չեմ կարող հիշել, բայց բացառված է, որ դրանով վարույթ իրականացված չլինի»։