Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7774 է, մահվան դեպքերինը՝ 142։
Վարչապետը երեկ խոսում էր համաճարակի երկրորդ ալիքի հետ։ Սա մեղմ՝ կառավարության պատասխանատվությունը լղոզող ձևակերպում է։ Իսկ պատկերի ստույգ նկարագրությունն այն է, որ մեր երկիրն ու հասարակությունը քաղում են կառավարության հակահամաճարակային քաղաքականության ֆիասկոյի հետևանքերը։
Այսօրվանից՝ որոշակի պարբերականությամբ, անդրադառնալու ենք ճգնաժամային այս իրավիճակի հիմնական պատասխանատուներին ու մեր առաջին «հերոսը» առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։
Շահարկումներից խուսափելու համար՝ միանգամից արձանագրենք, որ մենք Թորոսյանի անձը տարանջատում ենք առողջապահական համակարգից, մեր բժիշկներից՝ նորօրյա հերոսներից, որոնք այսօրվա չհայտարարված պատերազմի առաջնագիծն են պահում՝ պայքարելով յուրաքանչյուր կյանքի համար։
Մեր բժիշկների հերոսության համատեքստում ավելի տեսանելի է դառնում Թորոսյանի ապաշնորհությունը, ապիկար կառավարումը։
Շատերն հարցնում են՝ ո՞րն է Թորոսյանի մեղքը։
Թորոսյանն այն առանցքային պաշտոնյաներից մեկն է, որը փետրվար-մարտ ամիսներին հնարավորինս անլրջացրեց վերաբերմունքը կորոնավիրուսի հանդեպ՝ ըստ էության, նպաստելով կառավարության կանխարգելիչ քաղաքականության կատարյալ տապալմանը։ Այդ նա էր, որ ծաղրում էր մտահոգ մարդկանց ու մասնագետ-փորձագետներին՝ կորոնավիրուսը համարելով սովորական մի հիվանդություն, որը չի ենթադրում հատուկ պաշպանիչ միջոցներ։ Այս անլրջությունը բերեց նրան, որ մի շարք քայլեր ձեռնարկվեցին մեծ ուշացումով, ու այսօր Թորոսյանը քաղաքական պատասխանտվություն է կրում վարակակիրների ու մահերի մեծ թվի, առողջապահական համակարգի մոտալուտ, կանխատեսելի կոլապսի համար։
Թորոսյանը հաճախ նաև հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարություններով՝ սպասարկելով ոչ թե հասարակության առողջության, այլ՝ իր թիմի քաղաքական օրակարգը։ Ու եթե այսօր հասարակության մի զգալի մասը չի հավատում, օրինակ, դիմակ կրելու անհրաժեշտությանը, ապա դրա հիմնական մեղավորներից մեկը նաև առղջապահության նախարարն է, որը դիմակի կրման մասին հանդես է եկել իրարամերժ հայտարարություններով։
Նախկին համաճարակների ժամանակ մեր առողջապահության նախարարները սերտ համագործակցության մեջ են եղել իրենց տարածաշրջանային, միջազգային գործընկերների հետ։ Արսեն Թորոսյանն, այս իմաստով, կատարյալ մեկուսացման մեջ է, ավելին՝ նա օրերս մեր երկիրը «հաջողությամբ» ներքաշեց Վրաստանի հետ դիվանագիտական սկանդալի մեջ։ Մի անպատասխանատու նախարարի, նրա մեծամտության հետևանքով մի ամբողջ նախարարություն, կառավարություն ստիպված են դիվանագիտական խողովակներով հայցել հարևան Վրաստանի ներողամտությունը։
Եվ վերջապես՝ Արսեն Թորոսյանն անահաղորդ է ԶԼՄ-ների բոլոր հարցերին ու այդպես էլ հասարակությունն անտեղյակ է մնում, թե ինչպիսի ծախսեր են արվում կորոնավիրուսի դեմ պայքարում, արդյո՞ք արդյունավետ են ծախսվում պետական միջոցները, միջազգային օգնությունը։ Կոռուպցիոն ռիսկերի մասին կասկածները հիմնազուրկ չեն, եթե հաշվի առնենք, որ, այսպես կոչված, կարանտինների պարետներ են նշանակվել հիմնականում Թորոսյանի ընկերները ու կան մտահոգություններ, որ գործ ունենք «հայավարի» ծախսերի հետ։
Արսեն Թորոսյանի հրաժարականը հասունանում է, այդ հրաժարականը հասունացնում են վարակակիրների ու մահերի արագ աճող թվերը։ Սա այն դեպքն է, երբ հրաժարականը ամենամեղմ պատիժն է Թորոսյանի համար։
Սուրեն Սուրենյանցի գրառումը։