00:00:00

Ստեղծված վիճակից օգտվելու ցանկացած փորձ սպառնալիք է ամբողջ միջազգային հանրության համար. Արցախի ԱԳՆ

17:11, 16 ապրիլ 2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ եւ համընդհանուր հրադադարի կոչը՝ հնարավորություն տալու մարդկությանը համախմբվել ընդհանուր թշնամու՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի դեմ պայքարում, կարեւոր, անհրաժեշտ եւ պատեհաժամ նախաձեռնություն է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս կոչի բարեխիղճ կատարումը կարեւոր ներդրում կդառնա միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերում՝ ուղղված համայն մարդկության համար այդ նոր սպառնալիքին արդյունավետ դիմակայելուն: Համոզված ենք, որ այս ճգնաժամային ժամանակահատվածում նեղ քաղաքական նպատակների հասնելու համար համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից օգտվելու ցանկացած փորձ սպառնալիք է ներկայացնում ամբողջ միջազգային հանրության համար եւ արժանի է ամենախիստ դատապարտության: Եվ հակառակը՝ համայն մարդկության համախմբվածությունը ընդհանուր եւ անողոք թշնամու առջեւ թույլ կտա ոչ միայն հաղթանակած դուրս գալ այս պայքարից, այլ նաեւ կամրապնդի համագործակցության ոգին, ինչը կարող է աշխարհն ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնել: Արցախի Հանրապետությունը անհապաղ արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը եւ արդեն մարտի 24-ին՝ վերահաստատել իր հանձնառությունը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում: Մենք կիսում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերի կենտրոնում պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքը: Միայն առաջնորդվելով «ոչ ոք մոռացված չէ» սկզբունքով՝ մարդկությունը կկարողանա արժանապատվությամբ դիմանալ այդ փորձությանը: Արցախի Հանրապետության համար, որն արդեն ավելի քան երեք տասնամյակ հակամարտության մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարն առանձնակի սրություն է ստանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտության պատճառով Արցախի ժողովուրդը զրկված է միջազգային կառույցների աջակցությունից: Այս կապակցությամբ հուսով ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կորոնավիրուսի հետ պայքարում կաջակցեն Արցախին, ինչը ներդրում կդառնա այդ համաշխարհային մարտահրավերի  հաղթահարմանն ուղղված ընդհանուր ջանքերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր