00:00:00

Ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ի՞նչ է, մի հատ ասեք՝ ինչ է․ վարչապետը բարկացավ

17:38, 16 ապրիլ 2020 Տնտեսություն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ անձամբ կարդացել է Ֆեյսբուքի միջոցով իրեն ուղղված նամակները եւ պարզել, որ կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու համար մարդիկ տեղեկատվության պակաս ունեն: Նա ընդգծեց, որ 2 տասնյակ մարդկանց ինքն է հղումներ ուղարկել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ հեռախոսով իրենց մասնագետներն աջակցում են քաղաքացիներին, թե այդ ծրագրերից օգտվելու համար որ դաշտում ինչ տվյալներ պետք է լրացնել առցանց համակարգում. «Կան քաղաքացիներ, որ շատ պարզ տեղեկատվության կարիք ունեն, օրինակ՝ ինչ է ՀԾՀ-ն, սոցիալական քարտը եւ այլն»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ՝ նշելով, որ ինքն էլ չգիտի՝ ինչ է ՀԾՀ-ն (Հանրային ծառայությունների համարանիշ)։ «Ինչո՞ւ մատչելի չեք հրապարակում տեղեկատվությունը: Դե, տեսնում եք՝ դա նշանակում է, որ մեր լրատավական համակարգը չի աշխատում: Եթե այդ ՀԾՀ կոչվածը սկզբունքային նշանակություն ունի այն հարցում, որ մարդը կարողանա ճիշտ լրացնել դիմումը, ինչո՞ւ չի բացատրվում: Հիմա, կներեք, բայց ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ի՞նչ է, մի հատ ասեք՝ ինչ է, ներկաներից ո՞վ գիտի: Եթե միջոցառում ենք անում, որտեղ ՀԾՀ-ի բացվածքն իմանալը սկզբունքորեն կարեւոր է, ուրեմն մենք պետք է ուրիշ բանով չզբաղվենք, տեղեկատվության ՊՈԱԿ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իմանա՝ ՀԾՀ-ն ինչ է, ՀՎՀՀ-ն ինչ է, այսինքն՝ 100 հազար մարդ պետք է զանգի, դուք իրենց ասեք՝ գիտեք՝ ի՞նչ կա՝ ՀԾՀ-ն էս է»,- նշեց վարչապետը: Նրա խոսքով՝ միջոցառումները կառավարությունն ընդունել է, ասել, որ քաղաքացիներին այս-այս հարցերով օգնում են, բայց այսօր խնդիր կա այդ օգնությունը ժամանակին եւ արդյունավետ տեղ հասցնելու գործում: «Հետեւաբար բոլոր ուժերը պետք է կենտրոնանան՝ տեղեկատվական համակարգը, սոցիալական ապահովության, տեխնոլոգիական համակարգերը: Կարեւոր է, որ այդ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն, եւ մենք հիմա արդեն ստիպված ենք հրապարակային սա քննարկել, աշխատանքային ռեժիմով արդեն 5-6 անգամ քննարկել ենք այս հարցը»,- ասաց վարչապետը: Նա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հանձնարարեց երկու ժամը մեկ անձամբ ստուգել, թե ինչպես է աշխատում համակարգը, ինչ է արվում այս հանձնարարականները կատարելու ուղղությամբ։ «Այո՛, օգնությունների ծրագրերը մենք չենք ընդունում, որ ուղիղ եթերում հայտարարենք այդ մասին, որ, վա՛յ, մարդկանց օգնեցինք: Դա նրա համար է, որ այդ օգնությունը գնա ու մարդկանց տեղ հասնի րոպե առաջ: Հետեւաբար ամբողջ պետական համակարգը պետք է ծառայի այդ մարդկանց, որ օգնությունը մարդուն տեղ հասնի րոպե առաջ»,- ընդգծեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր