00:00:00

Համավարակի հետեւանքով առաջացած անկումը հատկապես ծանր հարված է հասցրել կանանց. ՄԱԿ

04:40, 16 ապրիլ 2020 Աշխարհ

Կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած տնտեսական անկումը հատկապես ծանր հարված է հասցրել կանանց, եւ դա պետք է հաշվի առնել ճգնաժամին արձագանքելիս եւ հեռանկարային զարգացումը պլանավորելիս: Նման տեսակետ չորեքշաբթի օրը Ժնեւում կայացած ճեպազրույցին հայտնեց ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Իզաբել Դյուրանը: «Ակնհայտ է, որ ճգնաժամին արձագանքելիս աջակցության միջոցառումները պետք է ուղղված լինեն ոչ միայն արդյունաբերական խոշոր հատվածներին, մասնավորապես ՝ ավտոմոբիլային արդյունաբերությանը, որտեղ տղամարդիկ հիմնականում ավելի լայն ներկայացված են, այլեւ` միջին և փոքր ձեռնարկություններին, ինչպես նաեւ շատ փոքր ձեռնարկություններին եւ անհատ ձեռներեցներին»,- ասել է նա: Դյուրանն ընդգծել է, որ ներկայիս համաճարակի հետեւանքները «կանանց վրա ավելի շատ կանդրադառնան, քան տղամարդկանց», քանի որ «նրանք ավելի խոցելի են սոցիալ-տնտեսական առումով»: Կանայք «առաջինն են կորցնում իրենց աշխատանքը եւ եկամտի աղբյուրը», քանի որ հաճախ նրանց աշխատանքը ժամանակավոր է եւ անկայուն: Այդպես, զարգացող երկրներում գյուղատնտեսական ոլորտից դուրս աշխատատեղերի շուրջ 80 տոկոսը ոչ ֆորմալ հատվածին են վերաբերում, որտեղ հիմնականում ներկայացված են կանայք: Բացի այդ, պանդեմիկ ճգնաժամի պատճառով ծանր հարվածներ են հասցվել այնպիսի ոլորտների, ինչպիսիք են զբոսաշրջությունը եւ հյուրընկալությունը, ինչպես նաեւ սննդի արտադրությունը, որտեղ կին աշխատողներն ավելի շատ են: Դյուրանի խոսքով` շատ պետությունների կողմից ընդունված բնակչության տեղաշարժի սահմանափակման միջոցները կանանց վրա եւս ավելի լուրջ ազդեցություն են ունեցել, քան տղամարդկանց: «Ընդհանուր առմամբ, հենց նրանք են խնամում տարեցներին եւ երեխաներին, եւ նրանք պետք է հրաժարվեին եկամտի աղբյուրից` անհրաժեշտ խնամք ապահովելու համար»,- պարզաբանեց փորձագետը: Նա նաեւ ուշադրություն հրավիրեց ընտանեկան բռնության խնդրի վրա, որն աճում է այն պայմաններում, երբ տեղաշրժը սահմանափակված է: Կորոնավիրուսի բռնկում գրանցվել է 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, իսկ ավելի ուշ տարածվել է շատ երկրներում: Մարտի 11-ին ԱՀԿ-ն այն որպես համավարակ է ճանաչել: Համավարակի ընթացքում մոտ 2 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 125 հազար մարդ մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր