00:00:00

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն այս պահին էլ ցուցմունք է տալիս, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբան

23:39, 15 ապրիլ 2020

«Օֆշորի» գործով որպես մեղադրյալ ներգրավված Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. գործն արհեստական եւ շինծու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը։ «Արհեստական ու շինծու գործ է, անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում։ Այն չեղած հիմքերով ու փաստական տվյալներով քրեական հետապնդում է Կճոյանի նկատմամբ։ Բնականաբար, Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ մանրամասն ցուցմունքներ է տվել, որ թող ստուգեն, որովհետեւ առանց ստուգման, առանց որպես վկա հարցաքննելու մեղադրանք են առաջադրել։ Հենց այս պահին էլ ցուցմունք է տալիս»։ Փաստաբանն ասաց, որ մեղադրանքն առաջադրվել է 2 օր առաջ, իրենց համար անսպասելի էր, որ մեղադրանք կառաջադրվի։ «Այսքան տարի իմ գործունեությամբ եղել եմ ընդդիմադիր դաշտում եւ իմ նպատակն է եղել՝ իրավական համակարգը տվյալ քաղաքական, տնտեսական հարկադրանքից հեռու լինի եւ բազմակողմանի, օբյեկտիվ քննության արդյունքում մարդու անմեղությունը պարզվի։ Ես մեծ ցավ եմ ապրում, քանի որ այս գործելաոճը բնորոշ էր նախորդ իշխանությանը»,- ասաց Հովիկ Արսենյանը։ Հարցին՝ արդյոք գործի հիմքում այլ ցուցմունքներ կա՞ն, նա ասաց, որ պաշտպանական կողմը չի տիրապետում նման տեղեկության։ Նա հայտնեց, որ այս պահին տուժող կողմից ցուցմունք չկա։ NEWS.am-ի տեղեկություններով՝ այս պահին որպես մեղադրյալ ներգրավված է միայն Կճոյանը։ Հիշեցնենք, որ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել օֆշորի աղմկահարույց գործով։ Շուրջ 10 տարի է՝ ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկում, որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ Կճոյանը: Սակայն 2014 թվականի հունվար ամսին Վրաստանից հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը որեւէ կապ չունեն այդ գործի հետ, եւ, որ ինքն է կեղծել ստորագրությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր