00:00:00

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հերթական այս արշավը անթույլատրելի է․ ՀՅԴ

19:59, 15 ապրիլ 2020

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Հայրենակիցներ, Երկրում արտակարգ դրություն է, որը ենթադրում է համարժեք կեցվածք բոլորի` թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական դաշտի, թե՛ հասարակության կողմից: Համաճարակի, դրա հետևանքով առաջացած բազմաթիվ առկա ու սպասելի առողջապահական, տնտեսական, սոցիալական և այլ մարտահրավերների լուծումը պահանջում է բոլոր ուժերի ու կարելիությունների համախմբում: Միայն համախմբման ու փոխօգնության ճանապարհով մենք` որպես պետություն ու ժողովուրդ, կկարողանանք հաղթահարել այս տագնապը: Այս գիտակցությամբ ու համոզմունքով է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը արտակարգ պայմաններում գործում արտակարգ ռեժիմով` հնարավորին օգնությունը ցուցաբերելով մեր հայրենակիցներին և իրավիճակի հաղթահարման իր առաջարկները ներկայացնելով կառավարությանը: Ցավոք, համախմբվելու և հիմնախնդիրները միասնաբար հաղթահարելու այս գիտակցությունն իշխանության կողմից առայժմ ոչ միայն չի կարևորվում ու չի կազմակերպվում, այլև հակառակը` շարունակվում է հասարակությունը պառակտելու հին, արատավոր ու խիստ վտանգավոր գործելաոճը: Իշխանության քաղաքական շահախնդրություններն արդեն անցնում են զուտ մարդկային, բարոյական ու արժեհամակարգային բոլոր սահմանները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը համաճարակի այս պայմաններում փոխելու` զուտ մարդկային, բարեսիրական, բարոյական ու միանգամայն արդարացված հորդորով: Ցավոք, այդ մարդասիրական հորդորը դեռևս ոչ միայն պաշտոնական պատասխանի չի արժանացել, այլև կազմակերպված կերպով սանձազերծվել է տգեղ ու անբարոյական քարոզարշավ Հայոց Հայրապետի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է. · Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հերթական այս արշավը անթույլատրելի է ու խիստ վտանգավոր` դա նենգ ու թշնամական հարված է պետությանն ու ժողովրդին: · Իշխանություններից պահանջում ենք հստակ դիրքորոշում հայտնել այս կապակցությամբ և համապատասխան վերաբերմունք դրսևորել նմանօրինակ կեցվածք ցուցաբերած քաղաքական, պետական, հանրային գործիչների հանդեպ: · Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների դեմ ցանկացած ոտնձգություն մեր կողմից արժանանալու է համարժեք պատասխանի: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր