Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամետում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին, գրում է armlur.am-ը:
Խոսքը Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասսարդ Կճոյանի մասին է, ով տարիներ առաջ հայտնվել էր օֆշորային սկանդալի կենտրոնում։
Օֆշորի գործով տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը բազմիցս հայտարարել է և այսօր էլ «Ազատության» հետ զրույցում պնդեց․ որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավ է դրել բանկում, որը այն գնահատել է ընդամենը 33 միլիոն դոլար ու դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Սակայն վերջինս այդ գումարը, պայմանավորվածության համաձայն, Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին: Արդյունքում՝ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը: Սակայն Սուքիասյանը, ով ձերբակալվեց 2014-ի հունվարին Թբիլիսում և միայն հինգ ամիս անց հանձնվեց հայաստանյան իրավապահներին, պնդում է, որ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:
Հավելենք, որ Կճոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Աղբյուր՝ armlur.am