Արցախի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով Արայիկ Հարությունյանն ստացել 39860 ձայն (84,5 տոկոս), իսկ Մասիս Մայիլյանը՝ 5728 ձայն (12.1 տոկոս):
Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է 47165 ընտրող (ընտրողների 45 տոկոսը):
Անվավեր քվեաթերթիկների թիվը 1876 է կամ 4 տոկոս:
Ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով Արցախի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Իսկզբանե ընտրապայքարում 14 թեկնածու էր։ Երկրորդ փուլ անցել էին Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։
Արայիկ Հարությունյանը նախագահի ամենահարուստ թեկնածուն էր։ Արցախի ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նա հայտարարագրել է մեկ բնակելի տուն Ստեփանակերտում, երեք հողամաս, մեկ արտադրամաս եւ մեկ գրասենյակ։ Նա նաեւ թանկարժեք մեքենա է հայտարարագրել։ Թեկնածուն գյուղատնտեսական եկամուտներ է ստացել։ Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել է 96 միլիոն դրամ։ Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ Արայիկ Հարությունյանը բազմաթիվ այլ եկամուտի աղբյուրներ ունի, եւ Արցախում գործող մի շարք օբյեկտներ կապվում են նրա անվան հետ։
Հարությունյանը հարցազրույցներից մեկում խոսելով իր ունեցվածքի մասին, նշել էր, որ հող մշակելով է կարողացել ունեցվածքի տեր դառնալ։ «Վերջին անգամ 2006 թվականին իմ աշխատողների քանակն անցնում էր 700-ից»,-ասել էր նա՝ հավելելով, որ հիմնականում զբաղվել է եղել գյուղատնտեսությամբ և վերամշակումով: «Սկսել եմ հող մշակել սահմանամերձ տարածքում՝ Ջաբրայիլում, որտեղ մարդիկ վախենում էին գնալ: Ակնայի շրջանում հող մշակել սկսել եմ 1997 թվականին, երբ մարդիկ քարտեզի վրա Աղդամի տեղը չգիտեին: Հետո մասնակցել եմ Մարտունու և Կարմիր շուկայի գինու գործարանի սեփականաշնորհմանը, 2 ավերակ պատերազմի հետո իմ գործընկեր Բարսեղ Բեգլարյանի հետ դարձրել են Ղարաբաղի ամենահեռանկարային գործարաններից մեկը: Շնորհիվ իմ տնտեսական գործունեության Ղարաբաղում 2002 թվականից խաղողի մթերման խնդիր չկա, միգուցե գինը գյուղացուն չի բավարարում, բայց մթերման խնդիր չկա: Այդ գործարանի հիմնադիրն եմ, 2007 թվականին եղել եմ 50 տոկոսի բաժնետերը, այսօր 30 տոկոսի բաժնետերն եմ»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով. «Հողերը մշակվում են, հայտարարագիր ներկայացնում եմ, բացի այդ Ստեփանակերտում ունեմ «Նաիրի» հանրախանութը, որը նվիրել եմ մեծ աղջկանս»:
Անշուշտ գովելի է Հարությունյանի՝ հողի հետ «կռիվ» տալու եւ բավականին պատկառելի ունեցվածք քայլը։ Միայն, թե զարմանալի է, որ սեփական փորձը նա չի կիսել արցախցիների հետ։ Ի վերջո Արցախի բնակիչներից շատերն էլ ցանկություն կունենային ծանոթանալու փող աշխատելու «նուրբ արվեստին»։
Ամեն դեպքում որպես նախկին վարչապետ Հարությունյանը «մաստեր կլաս» արցախցիներին ցույց չի տվել, մնում է ակնկալել, որ արդեն որպես նախագահի պաշտոնը զբաղեցնող դա կանի։
Irakanum.am