00:00:00

Լոռու մարզում կորոնավիրուսով եւս 1 քաղաքացի է վարակվել, 10 կոնտակտային անձ մեկուսացված է. մարզպետ

23:56, 14 ապրիլ 2020

Լոռու մարզում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության եւս 1 դեպք: Մարզի տարածքում ապրիլի 14-ի դրությամբ հաստատվել է 9 դեպք, որից 1 պացիենտ արդեն առողջացել ու դուրս է գրվել, գրում է armtimes.com-ը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը․ «Այսօրվա վարակված պացիենտը հարեւան մարզից է, բայց մեր մարզում է աշխատում, եւ մեր մարզում էլ վարակվել է: Մոտ 10 հոգի էլ մեկուսացվել է որպես կոնտակտային անձ»: Անդրեյ Ղուկասյանը չնշեց, թե որ մարզի բնակիչ է ու նաեւ, թե ինչ ոլորտի աշխատակից է: Ներկայացնելով մարզում տիրող իրավիճակը, մարզի ղեկավարն ասաց՝ ներկա դրությամբ Լոռու մարզից 8 բուժվող հիվանդ կա, նրանց վիճակը բավարար է, առողջական լուրջ խնդիրներ չունեն. «Բացի դա, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվող հիվանդների թիվը անընդհատ փոփոխվում է 10-15-ի սանդղակում: Այսօրվա դրությամբ 9 վարակված հիվանդ է բուժվում՝ Հայաստանի տարբեր վայրերից տեղափոխված»,-ասաց Անդրեյ Ղուկասյանը: Մարզպետի խոսքով՝ Թուրքիայից վերջերս Հայաստան ժամանած 74 քաղաքացի էլ պարտադիր մեկուսացման է ենթարկվել մարզի 2 հյուրանոցներում: Կարանտինի 14 օրը լրանալուց հետո նրանք բոլորը կթեստավորվեն, բացասական արդյունքի դեպքում՝ բոլորը կգնան իրենց տուն: Մոտ 70 քաղաքացիներ էլ ինքնամեկուսացել են իրենց բնակարաններում: Անդրադառնալով Ստեփանավանի բժշկական կենտրոնի ամբուլատորիայի անձնակազմի՝ կորոնավիրուսով վարակվելու կասկածանքով մեկուսանալուն, Ղուկասյանն ասաց. «Բոլոր աշխատակիցները թեստավորվել են, դրական պատասխան բարեբախտաբար չի արձանագրվել, միայն ՌԴ-ից վերադարձած կինն էր, որ դրական արդյունք է տվել: Ուրախալի է նաեւ այն, որ երեկվա դրությամբ Աղավնաձորից 18 լոռեցի արդեն վերադարձել են իրենց տուն, քանի որ կրկնակի թեստավորվել են, արդյունքը բացասական է եղել»: Անդրեյ Ղուկասյանը հայտնեց նաեւ, որ ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղում արդեն մի քանի օր է, ինչ թեստավորում են իրականացնում Լոռու եւ Շիրակի մարզերի բնակչության համար. «Մենք այս դեպքում 6-8 ժամվա ընթացքում արդեն թեստի պատասխանը ստանում ենք, եւ այլեւս կարիք չկա Երեւան հասցնելու»: Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի ողջ անձնակազմը արդեն իսկ պարգեւատրվել է իրենց 1 ամսվա աշխատավարձի չափով առողջապահության նախարարության կողմից: Ինֆեկցիոն հիվանդանոցի բոլոր աշխատակիցների համար հյուրանոցներում սենյակներ են ամրագրվել, որպեսզի աշխատակիցները աշխատանքից հետո չգնան տուն եւ հնարավոր վարակը տանեն իրենց հետ իրենց բնակարաններ: Ղուկասյանի խոսքով՝ բուժաշխատակիցները ապահովված են սննդով, տրանսպորտով եւ անհրաժեշտ պայմաններով: ՀԺ-ի հարցին՝ պարետատան նոր որոշմամբ հանվել էին մի շարք սահմանափակումներ, որոնցից մեկով էլ թույլատրվում է ապրիլի 20-ից տեքստիլ արդյունաբերության վերսկսումը, արդյոք «Գլորիա» կարի ֆաբրիկան կաշխատի, թե ոչ, Անդրեյ Ղուկասյանն ասաց. «Որոշումը ապրիլի 20-ից է, բայց դա կախված է իրադարձությունների զարգացումներից, եւ այդ հարցը պարետատանը մեկ անգամ եւս պետք է քննարկվի, դեռ միանշանակ չեմ կարող ասել»։ armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր