Ազգային ժողովում Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսօր բանավեճ տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու իշխող խմբակցության պատգամավորների միջև: Էդմոն Մարուքյանը իշխանությանը կոչ արեց. «Մի եղեք Հրայր Թովմասյան»:
Այս օրենսդրական նախաձեռնության հեղինակը ԼՀԿ խմբակցությունն է, այն վերաբերում է այն խնդրին, որ պատգամավորների առաջ խոչընդոտներ էին առաջանում, երբ նրանք այցելում էին ձերբակալված կամ կալանավորված անձանց պահման հիմնարկներ: Նախագծով առաջարկվում է վերացնել պաշտոնյաների կողմից ձերբակալված ու կալանավորված անձանց այցելությունների փաստացի խոչընդոտները:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը պարզաբանեց, որ այսօր պատգամավորները և մի շարք անձինք իրավունք չունեն տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձին, որի վերաբերյալ կա վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում՝ տեսակցությունները սահմանափակելու մասին:
«Լրացուցիչ ցուցում է ուղարկվել քրեակատարողական հիմնարկներ, որպեսզի որևէ պարագայում որևէ պատգամավորի մուտքն ու ելքը չխոչըդոտեն և միաժամանակ ապահովեն այն դատապարտյալների ու կալանավորների հետ տեսակցությունը, ում վերաբերյալ այդ սահմանափակում պարունակող որոշումը վարույթն իրականացնող մարմինը չի կայացնում»,- ասաց Գալյանը: Ըստ նրա՝ կառավարությունն առաջարկել էր, որ ՔԿՀ անարգել ելումուտ ունեցող անձը կարողանա նաև տեսնել այն ձերբակալված ու կալանավորված անձին, ում վերաբերյալ առկա է համապատասխան սահմափակող որոշում, ուղղել նրան հարցեր, իհարկե, ոչ մեկուսի պայմաններում, այլ վարչակազմի ներկայությամբ: Այսինքն՝ փաստացի տեսնել, բայց չտեսակցել: Իսկ եթե պատգամավորը ցանկանա առանձին ռեժիմով տեսակցել այդ անձին, պետք է դիմի վարույթն իրականացնող մարմնի և ստանա համապատասխան թույլտվություն: Ընդ որում, մերժումը պետք է վարույթն իրականացնող մարմնի կողմից լինի պատճառաբանված: «Այս առաջարկը չընդունվեց նախագծի հեղինակի կողմից, ուստի ես կոչ եմ անում դեմ քվեարկել այս նախագծին»,- նշեց փոխնախարը:
Էդմոն Մարուքյանն իր ելույթում հիշեցրեց, որ 2004-2012 թվականներին հանդիսացել է ՔԿՀ-ներում ու կալանավորված անձանց պահման վայրերում դիտորդական խմբի անդամ: «2008 թվականի մարտի մեկի դեպքերից հետո ՔԿՀ-ներում, այդ թվում՝ ԱԱԾ մեկուսարանում հավաքվեցին մեր այսօրվա գործընկերները՝ Սասուն Միքայելյանը, Գագիկ Ջհանգիրյանը: Եվ դիտորդական խումբն այդ նույն նորմով այցելում էր բանտերում գտնվող քաղաքական գործիչներին և պատգամավորներին, ում նկատմամբ քննիչները կայացրել էին տեսակցության արգելքի որոշում: Այն ժամանակվա գործող արդարադատության նախարարը չէր մեկնաբանում այնպես, ինչպես այս նորմը մեկնաբանվում է հիմա: 2010 թվականի դեկտեմբերի 17-ին երկրում մի ահավոր բան տեղի ունեցավ՝ նախագահի հրամանով Հրայր Թովմասյանը նշանակվեց արդարադատության նախարար: Հրայր Թովամսյանն այս նորմն սկսեց մեկնաբանել այնպես, ինչպես հիմա մեկնաբանում եք դուք ու Արդարադատության նախարարությունը»,- ասաց Մարուքյանը:
Նա նշեց,որ արդեն 10 տարի է՝ այդ նորմը Հրայր Թովմասյանի պես մեկնաբանեցին նրանից հետո եկած նախարարները, և հեղափոխությունից հետո այդպես մեկնաբանում է իշխող ուժը:
«Ես ու Նիկոլ Փաշինյանը գնացինք Ժիրայր Սեֆիլյանին այցելելու, արգելք կար, չթողեցին տեսակցենք, Փաշինյանը բերեց մի նախագիծ, ես ինքս Նիկոլին ասեցի, որ այս դրույթը կիրառվել է, բայց ասաց չէ՝ բեր հստակեցման համար ընդունենք, որ չկարողանան այդ դրույթն այդպես մեկնաբանել: Ասեցի լավ, բերցինք՝ մերժվեց, հիմա էլ էլի բերել ենք, մերժվում է: Ճիշտ, որ մերժում եք, որովհետև գործող կարգավորումը Հրայր Թովմասյանի մեկնաբանմամբ է, որ մենք չենք կարող այցելել: Հարցը հետևյալի մասին է՝ պատգամավորը մտնում էր քրեակատարողական համակարգ, ծանոթանում էր պահման պայմաններին, խոնավությանը, լուսավորությանը, տեսնում՝ կալանավորն ինչ վիճակում էր գտնվում իր խցի մեջ, այս բոլոր իրավունքները մինչև 2010 թվականն ունեցել ենք: Հարց տվեք ինձ՝ ինչո՞ւ հիմա չունենք, որովհետև դուք մեկնաբանում եք այնպես, ինչպես Հրայր Թովմասյանը: Ցանկացած ոք, ով այդ նորմը մեկնաբանում է այդպես, ինձ համար Հրայր Թովմասյան է: Եվ նա, ըստ ձեզ, ենթակա է հանրաքվեի միջոցով հեռացման»,- հավելեց Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ նախկինում ինքն ու Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ականներին ասում էին՝ «սիրելի ՀՀԿ-ականներ, իշխանություն կփոխվի, ձեզ կնստացնեն, դուք կարիք կունենաք, որ մենք այցելենք ձեզ»:
«Սա ինձ համար դեժավյու է, դուք իշխանություն եք, վաղը մյուս օրը էլի քրեական գործեր են լինելու, էդ քրեական գործերով մարդիկ են լինելու ՔԿՀ-երում, հնարավորություն տվեք ձեզ այցելենք, այ ձեր ցավը տանեմ: Թողեք գանք ձեզ տեսնեք, այ ձեր գլխին ղուրբան: Էլ ի՞նչ անեմ ձեր համար, որ չթողնեմ դառնաք Հրայր Թովմասյան»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց. «Էտ մեզ սպառնո՞ւմ եք»: